Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ հեռանալու կոչին ի պատասխան. «Առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ»

Դեկտեմբեր 09,2020 17:03

«Այդ երեւույթը ոչ միայն Ադրբեջանում, այլ ՀՀ-ում նորություն չէ, այն եղել է նախկինում եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա հակամարտություն, թշնամություն»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նիստի հեռարձակման ժամանակ ենթադրաբար կապի խնդրի պատճառով նրա խոսքը եւ հնչեցված հարցը մինչ այդ լսելի չէին, սակայն «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի արձագանքից պարզ դարձավ, թե ինչ հարց էր նա հղել վարչապետին: «Երբեք չեմ հիշում, որ մեր ռազմավարական գործընկերոջ որեւէ լրատվամիջոցով անհարգալից վերաբերմունք դրսեւորված լինի ՀՀ առաջին դեմքի հանդեպ: Չեմ հիշում, որ մեր թշնամու ղեկավարները կարողանան ծաղրել մեր երկրի ղեկավարին»,-ասաց Գորգիսյանը:

Ապա շարունակեց. «Ցավում եմ, որ չեք գիտակցում, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել: Այն ՀՀ-ն, որտեղ դուք հեղափոխություն եք արել եւ ընտրվել վարչապետ, այլեւս չկա»: Ըստ Գորգիսյանի՝ ՀՀ-ի գրեթե կոտրված ողնաշարն ուղղելու միակ տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես պարտության եւ ձախողումների խորհրդանիշ, հեռանա. «Չեմ հասկանում, թե ինչու եք դուք համառորեն ուզում մնալ ձեր պաշտոնին եւ չեք ուզում ՀՀ-ին հնարավորություն տալ հույս ունենալու ավելի լավ ապագայի: Խնդրում եմ՝ հեռացեք եւ տվեք այդ հնարավորությունը ՀՀ-ին»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժողովրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը: Մեր մեծագույն խնդիրն է՝ այնպես անել, որ ժողովուրդն արտահայտվելու հնարավորություն ունենա, եւ մենք առանձին վերցրած խմբերի ձայները չշփոթենք ժողովրդի ձայնի հետ: Կարծում եմ՝ այն օրակարգը, որի մասին դուք ասում եք, մենք այն սպասարկելիս պետք է միջոցները տարբերակենք նպատակից: Ասել եմ, որ մեր մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը որեւէ վերնագրի ներքո վտանգի չենթարկվի: Իմ եւ գործադիրի ամենամեծ անելիքն այսօր դա եմ համարում»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031