Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Մակունց, զսպեք ձեր խմբակցության որոշ կանանց լատենտ հակումները իմ հանդեպ». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 09,2020 16:49

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, երեկվանից մամուլում սենսացիոն տեղեկություն է շրջանառվում, ըստ որի՝ հայ ռազմագերիների վերաբերյալ փակ քննարկման ժամանակ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասել է, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներին լավ են վերաբերվում, ինչը հաստատեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Դուք այդ քննարկմանը ներկա եք եղել՝ ի՞նչ է ասվել իրականում։

– Անկեղծ ասած, ես չունեմ սովորույթ հրապարակել փակ քննարկումներից տեղեկատվություն, բայց քանի որ ձեր նշած իմքայլական կինը երեկ կրկին չի կարողացել զսպել իմ հանդեպ ունեցած անհասկանալի հակումներն ու Անի Սամսոնյանին հակադարձելիս չի տիրապետել անհագուրդ գայթակղությունն ու ինձ եւս անդրադարձել է, եւ քանի որ մամուլում այլեւս եղավ տեղեկատվություն այդ նիստի հետ կապված, ապա, այո, սույն տիկինը շատ ագրեսիվ հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին, ասելով, թե վերջինս ինչո՞ւ էր օրեր առաջ բարձրաձայնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե, իբր, Ադրբեջանը պատրաստվում է դեկտեմբերի 10-ին նախատեսված ռազմական շքերթի ժամանակ հրապարակ հանել նաեւ հայ ռազմագերիներին։ Սույն տիկինը վստահ նշեց, որ Ադրբեջանը նման բան չի անի, քանի որ շատ լավ հասկանում է, որ դա ռազմական հանցագործություն է։ Իհարկե, որեւէ մեկս, այդ թվում իր խմբակցության պատգամավորներից, էդպես էլ չհասկացանք, թե ինչո՞ւ է թրքասեր սույն տիկինն այդքան վստահ, որ Ադրբեջանը հարգելու է միջազգային իրավունքը ու երբեք նման բան չի անի, դեռ մի բան էլ Մարուքյանին մեղադրեց անհարկի աղմուկ բարձրացնելու մեջ: Սա այն էր, ինչ ես երեկ լսել եմ։

– Իսկ Մարիա Կարապետյանը չհիմնավորե՞ց, թե ինչո՞ւ է ինքը վստահ, որ Ադրբեջանը նման բան չի անի։

– Գիտեք, Էդմոն Մարուքյանի պատասխանից հետո, երբ ասաց՝ «հարգելի թրքասեր ու ադրբեջանասեր պատգամավորուհի, այդ տեղեկատվությունը մենք ստացել ենք այն նույն աղբյուրից, ով Հայաստանի ԱԱԾ-ի համար պատրաստել էր նյութեր Բաքվի ռազմական շքերթի վերաբերյալ, որտեղ այդ նշյալ տեղեկատվությունը կար», ինքը նախընտրեց լռել։

Իսկ ընդհանրապես, ինձ համար զարհուրելի է, որ Հայաստանում դեռ կա հայ, ով տեսնելով այն անմարդկային վայրագությունները, ինչին ադրբեջանական նախիրը ենթարկում է մեր ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, ինչպիսի խոշտանգումների է ենթարկում մեր տղաներին, տեսնելով հրապարակային այն գլխատումները, ինչով ողողված է ողջ սոցիալական մեդիան, կարող է նման սրբապիղծ բան ասել։ Ի՞նչ միջազգային կոնվենցիա, Ադրբեջանը օրը հազար անգամ ոտնատակ է տալիս բոլոր հնարավոր կոնվենցիաները ու հանկարծ պիտի վախենար ռազմական հանցագործ ճանաչվելո՞ւց։ Վստահ ասում եմ ձեզ եւ նման պնդում անելու համար ես ունեմ հստակ փաստեր, որ եթե չլիներ ՌԴ նախագահի ուղղակի եւ շատ կոշտ միջամտությունն այդ հարցին՝ վաղվա ռազմական շքերթին մենք տեսնելու էինք նաեւ հայ ռազմագերիներին։ Ուստի, իմքայլական սույն տիկնոջ ադրբեջանահպատակ պնդումները որեւէ արդարացում չունեն։

Ի դեպ, թե ես, թե եվրոպական կառույցներում աշխատող մեր որոշ գործընկերներ, մեր եվրոպացի գործընկերներից այսօր առավոտից ստանում ենք տարօրինակ հարցադրումներ, որ ադրբեջանցի դիվանագետները լայնորեն շրջանառում են իմքայլական սույն տիկնոջ հայտարարությունները, եւ, որպես հղում օգտագործում դրանք, որ Հայաստանի խորհրդարանում նման տեսակետներ են շրջանառվում: Սա`ի գիտություն, նշյալ կուսակցության ղեկավարներին, ոչ սույն տիկնոջը, որովհետեւ իր հակումները վաղուց հայտնի են:

– Տիկին Զոհրաբյան, այդուհանդերձ, հասկանալի չէ, թե ինչո՞ւ են իմքայլական որոշ կանայք շատ սուր արձագանքում ձեր անձին։ Որեւէ անձնական կոնֆլիկտ երբեւէ իրենցից որեւէ մեկի հետ ունեցե՞լ եք։

– Բնականաբար՝ոչ։ Ես ինչպե՞ս կարող եմ անձնական կոնֆլիկտ ունենալ արժեքային բոլորովին այլ համակարգ դավանող, թուրքի եւ ադրբեջանցու հետ բարեկամություն քարոզողների հետ։ Ես իրենց չեմ էլ նկատում։ Բայց իրենցից առնվազն երկուսի հետեւողական մտասեւեռումը իմ համեստ անձի հանդեպ ինձ ստիպում է կրկին դիմել իրենց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին եւ հորդորել, որպեսզի վերջինս «լիկբեզ» անցկացնի իր խմբակցության նշյալ երկու կանանց հետ եւ փորձի հասկանալ հոգեբանական այն լատենտ մղումը, որ այդ կանայք ունեն իմ հանդեպ։ Ես ունեմ այդ լատենտ մղման բացատրությունը, սակայն իմ դավանած արժեքային ու բարոյական համակարգը թույլ չի տալիս այդ մասին բարձրաձայնել։ Եվ քանի որ նրանք շատ մոտ ապագայում այլեւս դաժան անցյալ են լինելու, ես վստահ եմ, որ մենք շատ արագ մեր երկրում վերականգնելու ենք նաեւ մեր ավանդական արժեքային համակարգը։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031