Գարեգին Նժդեհի արձանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ «Դիմադրություն ռուս-թուրքական զավթմանը» կոչով բողոքի ցույց էին անում։ Ցույցի մասնակիցներից էր Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նրա դիտարկմամբ՝ ուղիղ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել Արցախի կապիտուլյացիայի ստորագրումը, ինչը նշանակում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտնահարեց ՀՀ Սահմանադրությունն՝ առանց ԱԺ-ի վավերացման, առանց նախագահի եւ ԱԳ նախարարի իմացության, եւ ամենակարեւորն է՝ առանց ազգի եւ բանակի կարծիքը հարցնելու, ստորագրեց մի հայտարարություն, որը միջազգային պայմանագիր էլ չի կարելի անվանել, քանի որ այն վավերացված չէ․ «Սա փորձ էր օրինականացնել ռուս-թուրքական օկուպացիան»։
Արդյոք վարչապետն ունե՞ր տարբերակ չստորագրելու այդ հայտարարությունը․ Տիգրան Խզմալյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մի քանի տարբերակ է ունեցել․ «Հնարավորություն կար պատերազմի օրերին եւ դրանք բազմիցս տրվում էին միջազգային հանրության կողմից։ Արդեն հոկտեմբերի 8-ին պատերազմից տասը օր անց, Ժնեւում արտգործնախարարների հանդիպումներն էին, եւ դա արժանապատիվ հրադադարի առաջարկ էր, սակայն Նիկոլ Փաշինյանն այնտեղ չուղարկեց նախարարին։
Հաջորդ առավոտ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախարարները հանդիպեցին Մոսկվայում, կնքվեց զինադադար, որը տեւեց հինգ րոպե։
Հաջորդ փորձը միջազգային հանրության կողմից հոկտեմբերի վերջին էր, երբ ԱՄՆ նախագահն ու անվտանգության հարցերով նրա խորհրդական Օ’Բրայենը հայտարարեցին, որ պատրաստ են ճանաչել Արցախի ճանաչումը Կոսովոյի նախադեպով, եւ ռազմաճակատի գծով սկանդինավյան խաղաղապահներ կլինեն։ Մենք Երեւանից եւ Ստեփանակերտից լսեցինք, որ նրանք նախընտրում են ռուս խաղաղապահներին եւ ստացան այդ ռուս խաղաղապահներին, թուրք, այսպես կոչված, խաղաղապահների հետ միասին։
Կարդացեք նաև
Անգամ Ֆրանսիայի սենատի որոշման օրը եւ դրանից առաջ՝ նոյեմբերի 25-ին, մենք Երեւանից եւ Ստեփանակերտից լսում էինք, իսկ Երեւանից, ամենայն հավանականությամբ, ինչպես ակնարկեց Ֆրանսիայի արտգործնախարարը, գալիս էին ուղերձներ, որ ՀՀ եւ ԼՂ մարզի ղեկավարությունը հորդորում են չընդունել այդ որոշումը, որովհետեւ դա կարող էր խանգարել Ռուսաստանին եւ նրա շահերին»։
Ըստ պարոն Խզմալյանի բազմաթիվ հնարավորություններ են եղել, որոնցից վարչապետը չի օգտվել։
Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ ունի հնարավորություն, իր խոսքերով ասած՝ խուսափելու այդ խայտառակությունից․ «Դրա համար ենք ժողովրդին կոչ անում դիմել դիմադրության»։ Պարոն Խզմալյանը օրինակ բերեց Ֆրանսիայի պատմությունը, երբ քառասունականների սկզբին ֆաշիստական Գերմանիան զավթել էր Ֆրանսիան, եւ ստեղծվել էր դրա հետ համաձայնողների կառավարություն, իսկ Շառլ Դը Գոլը Լոնդոնում դիմադրության շարժում սկսեց, որից չորս տարի հետո ԱՄՆ զորքերն ազատագրեցին Ֆրանսիան․ «Սա այն է, ինչ պետք է անի Հայաստանի հանրապետությունն ու Հայաստանի հանրությունը»։
Տիգրան Խզմալյանը գտնում է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա եւ նրա կառավարությունը խարանված է դավաճանությամբ եւ անմեղսունակ գործելակերպով դարձել են ազգային պարտության խորհրդանիշ։
«Հայաստանում պահպանվել է մեկ ինստիտուտ, դա նախագահ Արմեն Սարգսյանն է, որն օրեր շարունակ ուղիղ եւ անուղղակիորեն ցույց է տալիս, որ չի ընդունում այս վերջնագիրը եւ նա է բարձրաձայնում ազգային համերաշխության ժամանակավոր կառավարության ստեղծման անհրաժեշտությունը եւ դա է ճանապարհը։ Իսկ թե ով կլինի վարչապետը, դա ազգի ընտրությունը պետք է լինի։ Ժամանակավոր կառավարության մեջ պետք ընդգրկվեն անբիծ մարդիկ, որոնք հանցակից չեն տասնամյակների թալանին, քառասունօրյա խայտառակությանը։ Մեր կուսակցությունը մաս է կազմում Ազգային ժողովրդավարական բեւեռի, մենք ունենք թիմ, ունենք մտավոր ուժ, մենք ունենք թեկնածուներ, եւ մենք բաց ենք բանակցությունների համար բոլոր ազգային պետականամետ ուժերի համար»,-ասաց Տիգրան Խզմալյանը։
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ