Տիգրան Միքայելյանը, որ պատերազմի առաջին օրվանից որդու հետ Աղդամում առաջնագիծն է պահել եւ կորցրել է զավակին, չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ հայտարարվել է, թե դավաճաններ են եղել ու մինչեւ հիմա ոչ մի դավաճանի անուն չի հրապարակվում:
Նա իր տարակուսանքը հայտնեց այսօր լրատվամիջոցներին: «Ես ուղղակի չեմ հասկանում: Եթե մարդը ազգի դավաճան է, եթե դավաճանների պատճառով պատերազմի վճիռն այսպես եղավ, ինչո՞ւ այդ դավաճանների անունները չեն հրապարակվում ու ինչո՞ւ այդ մարդկանց դատի չեն տալիս, որպեսզի համապատասխան վճիռ կայացվի: Եթե դավաճանների անունները չեն հրապարակվում, կարող եմ եզրակացնել՝ ով թաքցնում է դրանց, ինչո՞ւ չի կարող, որ հենց ինքը լինի այդ դավաճանը: Դավաճանությունը ակնհայտ է:
Էրեխեքը պառկած են: Ես չեմ հասկանում, թե ինչ համար եմ ապրում: Ես խնդրում եմ, իմ խոսքերը ոչ մի աթոռակռվի հետ չկապել: Կոնկրետ ինձ պետք է, որ այսօրվա վարչապետը կարողանա այդ հարցերի պատասխանը տալ՝ ովքեր են եղել դավաճանները թե առաջնագծում, թե՝ թիկունքում: Այդ անունները պետք է հրապարակվեն: Տղաները կռվել են, տղաները չեն կռվել, ոչ մի դիրք չեն զիջել, զիջած տեղերն էլ հետնահանջի հրամաններով է եղել ու որեւէ տեղ հարձակման հրաման չի եղել»,- ասաց նա եւ հավելեց, որ ստրատեգիա հասկացություն էլ չի եղել: Այսինքն, եթե մի տեղ դիրքերը պասիվ են, ինչո՞ւ կռիվը չենք տեղափոխում մեկ այլ դիրք:
Նա մոբիլիզացիայի խնդիրներ էլ է տեսնում ու այս ամենի համար է ուզում, որ դավաճանները գտնվեն: «Ինչի՞ էսպես եղավ: Ինչի՞ էր զինկոմիսարիատը զանգում, ասում՝ ձեզ կկանչեն, բայց մեզ փոխարինող չէր գալիս: Որովհետեւ ասում էին՝ ոչ ոք չի ուզում գալ, փախչում են: Բայց տղաները կռվել են: Ի՞նչ փախչողի մասին է խոսքը»,- ասաց Տիգրան Միքայելյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ