Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարուքյանը ինձ անվանեց ադրբեջանասեր եւ թրքասեր, իսկ տիկին Սամսոնյանը հայտարարությունների ժամին նույնը կրկնեց». Մարիա Կարապետյան

Դեկտեմբեր 09,2020 15:46

«Անի Սամսոնյանը երեկ փակ նիստի ժամանակ հնչած մի միտք է վերագրել ինձ, որը ես չեմ հնչեցրել բացարձակ, սուտ է խոսել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությամբ ԱԺ-ն ընդունեց ուղերձ ռազմագերիների վերաբերյալ:

Մարիա Կարապետյանի պատմելով՝ առաջարկել են, որ նիստը փակ կայանա. «Հաճախ հարկավոր է հաշվի առնել հարազատների զգացմունքները այս հարցի վերաբերյալ: Քանի որ ենթադրում եմ, որ միաձայն ընդունմանը պատրաստ չէր «Լուսավոր Հայաստանը», գուցե ընդդիմադիր երեւալու բարդույթը չհաղթահարելու պատճառով երեկ ԱԺ նիստը բացվեց սկանդալով՝ նիստի փակ թե բաց լինելու կապակցությամբ: Ուղերձի բովանդակության վրա չկենտրոնանալը, այլ փակ կամ բաց անցկացնելու վերաբերյալ այս աղմուկ-աղաղակը ընդամենը հերթական անգամ գերիների զգայուն հարցի շուրջ քաղաքական դիվիդենտներ շահելու փորձ է: Պարոն Մարուքյանը փակ նիստի ժամանակ ինձ ասաց, որ ես չպետք է շարունակեմ նման հայտարարություններ անել, ես էլ ասացի, որ եթե իրենք շարունակեն շահարկել այս հարցը, ապա ես էլ շարունակելու եմ օրինակներ բերել, թե նրանք ինչպես են քաղաքական դիվիդենտներ հավաքում գերիների հարցի շուրջ ու բերեցի հերթական օրինակը. Շաբաթներ առաջ սոցմեդիայում տարածվեց մի լուր, թե Ադրբեջանի իշխանությունները հայ ռազմագերիներին ստիպելու են քայլել ռազմական շքերթի ժամանակ: Այս լուրը կառավարության խորհրդակցության ժամանակ մենք քննարկել ենք ԱԱԾ ներկայացուցչի հետ, հարցրել ենք որքան արժանահավատ է այս լուրը, նրանք ասացին, որ ուսումնասիրել են, լուրը ծագում է սոցիալական մեդիայի տիրույթից ու ամենայն հավանականությամբ՝ հայկական տիրույթում ծագած լուր է, այսինքն՝ ապատեղեկատվություն»:

Կարապետյանը պատմեց, որ իհարկե, կարող են պնդել, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անել ցանկացած տիպի ռազմական հանցագործություն, բայց շքերթի ժամանակ ռազմագերիներին ստիպել քայլելը զարհուրելի հանցագործություն է ու կարելի է փակ նամակով միջազգային գործընկերներին գրել, ոչ թե հրապարակային՝ հաշվի առնելով ռազմագերիների հարազատների զգացմունքները: Ըստ պատգամավորի, միեւնույն է, միջազգային կառույցների արձագանքը նույնն էր լինելու՝ Ադրբեջանին ասելու էին՝ չհամարձակվեք դա անել:

Ըստ Կարապետյանի, լուրը հրապարակայնացրեց Մարուքյանը, հետո «ինքն էլ հերոսաբար դա լուծեց». «Մարուքյանը ինձ անվանեց ադրբեջանասեր եւ թրքասեր, իսկ տիկին Սամսոնյանը հայտարարությունների ժամին նույնը կրկնեց»: Նա վստահեցրեց, որ այդքան տեսանյութերից հետո, որոնք համացանցում եղել են, երեւակայությունից դուրս է կանգնել, ասել, թե Ադրբեջանը մեր գերիներին լավ է վերաբերվում, այդ խոսքերն իրեն վերագրում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031