Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը ոչ մեկից ոչ վախենալու բան ունի, ոչ թաքցնելու բան ունի… դա մասովկա չի եղել, ժողովուրդը միանշանակ ընդունում է Փաշինյանին». Արամ Խաչատրյան

Դեկտեմբեր 09,2020 15:01

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ որոշված չէ, թե մանդատը վայր դնելուց հետո գործադրում ինքն ինչ պաշտոն է զբաղեցնելու: Հարցին ի պատասխան՝ ճի՞շտ է, որ Լոռու մարզպետի պաշտոն եք ստանում՝ նա չբացառեց. «Տարբեր հարցեր ենք քննարկել՝ կապված մանդատը վայր դնելու հետ: Տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում դուք կիմանաք: Դա մեր քաղաքական թիմի որոշումն է եղել: Թիմը որտեղ որ կորոշի, որ ես պետք է լինեմ՝ կլինեմ այնտեղ: Եթե որոշի գործադիրում պետք է լինեմ՝ կլինեմ գործադիրում, եթե որոշի օրենսդիրում պետք է լինեմ՝ կլինեմ օրենսդիրում»:

Արամ Խաչատրյանն ասաց, որ իր համար անընդունելի է դժվար պայմաններում թիմը լքելը՝ միասին են եկել, միասին էլ պետք է գնան:

Խոսելով պատերազմում պարտության մասին՝ Արամ Խաչատրյանն ասաց, որ պետք է նախ իմանալ, թե ինչ են ժառանգել. «Շատերը փորձում են կոնտեքստից կտրել եւ բարդել իշխանության վրա, ես ընդունում եմ, որ դա մեր օրոք է եղել, բայց նաեւ մենք ժառանգել ենք այնպիսի դիվանագիտություն, դուք գիտեք, որ Արցախը բանակցային սեղանից հանվել է մի 15-20 տարի առաջ, այնուհետեւ՝ մադրիդյան սկզբունքները, Կազանը…աշխարհը մեզանից պահանջում էր այդ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին»:

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին՝ նա ասաց, որ այս 2,5 տարվա մեջ կառավարությունը շատ մեծ բարեփոխումներ է արել զինված ուժերում, բայց «մենք այն ուժերի դեմ ենք կռվել, որ անհնար էր հաջողություն ունենալը»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ Փաշինյանը դիվանագիտական ճակատում իր զրոյական կետից է սկսել, թող այնպես աներ, որ հաջողություն գրանցեր, «ժառանգությունը» ջնջեց՝ Արամ Խաչատրյանը սկսեց արդարացնել, որ 7 շրջանների վերադարձը ոչ թե միայն Ադրբեջանն է պահանջել, այլ ամբողջ աշխարհը. «ՄԱԿ-ի կոնվենցիայով էլ է այդպես, եւ այլն եւ այլն…Հակառակորդն արդեն զգաց, որ ժամանակն իրենց օգտին չէր գնում ու իրենք սանձազերծեցին պատերազմը»:

Հարցին՝ նախկինում էլ էր աշխարհն ուզում այդ 7 շրջանների վերադարձը, բա ինչո՞ւ չէին կարողանում ստանալ, Արամ Խաչատրյանը պատասխանեց. «2016-ին նույն պատերազմը տեղի ունեցավ, որոշ հաջողություններ նաեւ այդ ժամանակ ունեցան: Հիմա ես չեմ կարող ասել ինչ բանակցությունների արդյունքում է կանգնեցվել պատերազմը, բայց Ադրբեջանը 10-15 տարի առաջ է պատրաստվել այս պատերազմին»:

Արամ Խաչատրյանը գտնում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, որովհետեւ շփվելով մարդկանց հետ՝ այդպիսի տպավորություն է ստացել. «Դեկտեմբերի 7-ին վարչապետն եկավ Լոռու մարզ ու տեսած կլինեք, թե ժողովուրդն իրեն ոնց է ընդունում: Դա մասովկա չի եղել, ժողովուրդը միանշանակ ընդունում է»: Հարցին, թե ինչո՞ւ Երեւանում էլ չի շրջում, մի քանի «շերտանոց» թիկնազորով է շրջում՝ պատգամավորը չհամաձայնեց. «Վարչապետը ոչ մեկից ոչ վախենալու բան ունի, ոչ թաքցնելու բան ունի: Ինքը հանդիպում է ժողովրդի հետ, ի՞նչ տարբերություն Երեւանում, թե մարզերում: Ես ականատես եմ եղել 3 օր առաջ որ մարդիկ ազատ կարողանում էին մոտենալ իրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031