Shamshyan.com. Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Կարդացեք նաև
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, և մի քանի մետր առաջ ընթանալով, պայթյուն է տեղի ունեցել։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի