Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ. Կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման

Դեկտեմբեր 09,2020 14:23

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

 Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է:

Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման  ճանապարհը ցանկացած դեպքում հարթվում է կոռուպցիայի դեմ իրական, ինստիտուցիոնալ պայքարի աներկբա կամքի արտահայտմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության միարժեք անհանդուրժողականությամբ և այս հարցում պետության ու հանրության լիարժեք համագործակցությամբ:

Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, սակայն, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ, որովհետև մշտապես բախվում են կոռուպցիան իբրև կենսագործունեության և սեփական նյութական շահերի սպասարկման, մասնավոր բարեկեցության ապահովման միջոց, կառավարման և իշխանավարման գործիք դարձրած, կոռուպցիայի միջոցով պետության հարստությունն ու ռեսուրսները մսխող ու մսխած շրջանակների լրջագույն դիմադրությանը:

Երբեմն բարեփոխումների գործընթացը վիժեցնելու, այդ կերպ կոռուպցիայի միջոցով ձեռք բերած ապօրինի կարողությունները պաշտպանելու, անխուսափելի քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ներդրվում են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սկսած ֆինանսականից և մարդկայինից, վերջացրած տեղեկատվական-մանիպուլյացիոնով՝ խնդիր ունենալով ցանկացած գնով արժեզրկել այդ գործընթացը, խեղաթյուրել դրա նշանակությունն ու նպատակները, հարուցել հանրության անվստահությունը պետության, մասնավորապես իրավապահ համակարգի և վերջինիս կողմից դրսևորվող՝ կոռուպցիան արմատախիլ անելու մտադրության և կամքի ազնվության, հաստատակամության հանդեպ:

ՀՀ դատախազությունը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում:

Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կոռուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու  են ավելի վճռական լինել՝  առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուսրները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց: Այդ նպատակների համար դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները:

Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին,  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031