Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքը 100 տոկոսով չի ապահովում բուհերի ինքնավարությունը». ԿԳՄՍՆ վարչության պետ

Դեկտեմբեր 09,2020 13:36

ԿԳՄՍ նախարարությունում կայացած քննարկման ժամանակ խոսելով բուհերի ռեկտորների նշանակման եւ կառավարման տարբեր մոդելների վերաբերյալ հարցի եւ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի» աղմուկ հանած նախագծի մասին՝ ԿԳՄՍՆ Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշեց. «Պետությունը որդեգրել է, որ պետք է աստիճանաբար ընդլայնի բուհերի ինքնավարությունը եւ յուրաքանչյուր ժամանակահատվածում առաջ են գալիս տվյալ կետի առաջնահերթությունները:

Օրինակ, տարիներ առաջ, երբ քննարկվում էր ինքնավարության հարցը՝ առաջ էր գալիս բուհի կազմակերպաիրավական ձեւի խոչընդոտը, դրա համար աստիճանաբար սկսեցինք անցում կատարել ՊՈԱԿ-ներից դեպի հիմնադրամների կարգավիճակի: Եթե հարցնեք՝ արդյոք օրենքն ամբողջությամբ ապահովո՞ւմ է բուհերի ինքնավարությունը, ես կասեմ՝ ոչ, 100 տոկոսով չի ապահովում, բայց եթե համեմատենք գործող օրենքի հետ, նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք մի քանի քայլ առաջ են տանում դեպի ակադեմիական, բուհական ինքնավարություն: Կարեւորը որդեգրված քաղաքականությունն է, որը պետք է ժամանակի ընթացքում կարողանանք ապահովել»:

Ռոբերտ Սուքիասյանի խոսքով, նախ եւ առաջ կարեւոր է պետություն-լիազոր մարմին-բուհ հավասարակշռության ապահովումը, որ կբերի ավելի լավ կառավարման: Նա անդրադարձավ ուղեցույցներին, որոնցով գնահատվում է բուհերի ինքնավարությունը` կազմակերպական ինքնավարություն, ֆինանսական ինքնավարություն, մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն եւ ակադեմիական ինքնավարությունը:

«Քանի որ հարցադրումը հիմնականում ուղղված էր ակադեմիական ինքնավարությանը, փորձենք հասկանալ՝ որքանո՞վ է օրենքը նպաստում ակադեմիական ինքնավարությանը: Ցուցիչներից մեկն ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է: Արդյոք նախագիծը հնարավորություն տալի՞ս է, թե՞ ոչ: Այո, այս օրենքի նախագծով հնարավորություն տալիս է, ուսանողների ընտրելու իրավասություն բուհն իրավունք ունի՞, թե՞ ոչ:

Գիտեք , որ այսօր բուհերում ընդունելությունը կատարվում էր կենտրոնացված համակարգով, եւ ուղիղ մասնակցություն բուհերը չէին ունենում ընդունելությանը: Այժմ դա տրվում է նաեւ բուհերին: Ծրագրեր ներդնելու իրավասություն բուհն ունի՞…Այո, ունի, տրված է նաեւ այս իրավասությունը: Ծրագրեր ստեղծելու եւ ծրագրեր դադարեցնելու իրավասությունը եւս օրենքով ամրագրված է, իսկ այ, օրինակ` դասավանդման լեզուն որոշելու իրավունք բուհը չունի, այստեղ կա արգելք, օրենքով դասավանդման լեզուն պետք է մայրենի լեզուն լինի»,- ի թիվս այլնի՝ մանրամասնեց ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

Նա առաջին եւ երկրորդ մակարդակներում բուհի կողմից աստիճանաշնորհման իրավասությանն էլ անդրադարձավ, նաեւ հավելեց, որ գիտական աստիճան հանձնաժողովն է շնորհում, եւ արտաքին մարմնի կողմից հաստատվում, սակայն դա եւս վերապահվելու է բուհին:

Հարցին՝ խնդիր չե՞ն տեսնում, որ բուհերը կքաղաքականացվեն՝ ռեկտորների նշանակվելու դեպքում, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերվում է ժամանակավոր դրույթին, եւ հետո մի շարք զարգացած երկրներում բուհերի եւ գիտական կենտրոնների ղեկավարները նշանակվում են եւ ոչ թե ընտրվում: «Ես չեմ կարծում, որ այստեղ խնդիր կա, շատ բան կախված է հանրային մշակույթից, հասարակական հարաբերություններից»,-ասաց նա:

Նախարարի խորհրդականի խոսքով, օրինակ` Նիդերլանդներում, Իսպանիայում եւ այլուր գործում է այդ մեխանիզմը, որով պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, բայց դա որեւէ կերպ չի խաթարում գոյություն ունեցող ակադեմիական ազատությունները. «Պետությունը չի կարող միջամտել բուն ակադեմիական պրոցեսին, ինչը տեսնում ենք ամեն քայլափոխի՝ տարիներ շարունակ ընտրված ռեկտորների պարագայում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031