Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը Արա Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված՝ Արցախի կարգավիճակի ճանաչումը

Դեկտեմբեր 09,2020 13:25

Դեկտեմբերի 8-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։

ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ՝ ընդգծելով այն բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու և հարստացնելու պատրաստակամությունը:

Բանակցությունների առանցքում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներն էին: Օգտվելով առիթից՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում խաղաղության հաստատման և հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

Նախարար Այվազյանը շեշտեց Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների իրականացումը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմամբ, կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, որի նպատակն էր Արցախում ստեղծել հումանիտար աղետ և հասնել Արցախի լիարժեք հայաթափմանը:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրմանը՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության կարևորությունը: Նախարար Այվազյանը բարձր գնահատեց այս դժվարին ժամանակներում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը Արցախի ժողովրդին, որն արտահայտվեց նաև Արցախի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմամբ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը, այդ թվում՝ տեղում միջազգային համապատասխան մարմինների ներգրավման միջոցով:

Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք անհանգստացնող գնահատվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությունը ինչպես Արցախի դեմ ագրեսիայում ուղիղ ներգրավվածությամբ, այնպես էլ՝ տարածաշրջան Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսման շուրջ: Այս առնչությամբ նախարար Այվազյանը կարևորեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա հիմնված Արցախի կարգավիճակի ճանաչումը:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ժան-Իվ Լը Դրիանի համատեղ մամուլի ասուլիսը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031