Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները հապաղեցին բարեփոխումներն իրականացնելու գործում և բազմաթիվ ոլորտներում չհասցրեցին կամ չկարողացան ձևավորել պատշաճ համակարգեր. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Դեկտեմբեր 09,2020 13:04

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ

2018 թվականից ի վեր Հայաստանը միջազգային ցուցանիշներով արձանագրել է էական առաջընթաց ժողովրդավարության զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով: 2019 թ․ Ֆրիդոմ Հաուսի «Երկրներն անցումային փուլում» 2020 թ․ զեկույցի համաձայն՝ Հայաստանի համաթիվը լավագույնն է ուսումնասիրության ողջ պատմության ընթացքում՝ սկսած 1996 թ․-ից: Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթի «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 17 հորիզոնականով բարելավել է դիրքերը՝ 2018-ին զբաղեցրած 103-րդ տեղից բարձրանալով 86-րդ տեղը, ավտորիտարից անցնելով հիբրիդ կառավարման երկրների խումբ: Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթիվը գրանցել է ամենազգալի դրական տեղաշարժը վերջին 15 տարիների ընթացքում՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հռչակումից ի վեր, որի արդյունքում երկիրը աշխարհի 180 երկրների շարքում 105-113-րդ տեղերից հայտնվել է նվազ կոռումպացվածություն նշանավորող 77-79-րդ տեղերում։

Թրանսփարենսի Ինթերնեշնլն արձանագրել է, որ «չնայած դրական զարգացումներին` շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են մնալ որպես խոչընդոտներ` երկրում կոռուպցիային վերջ տալու ճանապարհին: Քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները և կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը»:

Ցավոք, Հայաստանի իշխանությունները հապաղեցին բարեփոխումներն իրականացնելու գործում և բազմաթիվ ոլորտներում չհասցրեցին կամ չկարողացան ձևավորել պատշաճ համակարգեր՝ վատնելով հեղափոխությամբ և ժողովրդի քվեով ստացած վստահության մեծ պաշարը: 2020 թվականն էլ իր հետ բերեց լրացուցիչ մարտահրավերներ, որոնք լրջորեն վտանգեցին կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ձեռքբերումները:

Տարվա առանցքային իրադարձությունները՝ ԿՈՎԻԴ-19 համավարակը, հուլիսի կեսերին Հայաստանի հյուսիսային սահմանին Ադրբեջանի հետ ունեցած բախումները, սեպտեմբերի 27-ին Արցախում և Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմը, հետպատերազմյան ներպետական լարվածությունը ետին պլան մղեցին նախատեսվող բարեփոխումները՝ Սահմանադրության փոփոխության օրակարգը, հակակոռուպցիոն և դատաիրավական միջոցառումները, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիարժեք ձևավորումը, փաստահավաք խմբի կազմավորումը, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը, ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը։

Նշված իրադարձությունները զգալի խորությամբ և լայն մասշտաբներով բացահայտեցին Հայաստանում առկա կառավարչական ու համակարգային հիմնախնդիրներն ու բացթողումները՝ վերհանելով ինչպե՛ս նախորդ իշխանությունների օրոք տասնամյակներով արմատացած խնդիրները, այնպե՛ս էլ՝ ներկայիս ղեկավարության անհաջող կադրային քաղաքականությամբ, մասնագիտական անկարողությամբ, անշրջահայաց ու միանձնյա որոշումներով պայմանավորված արատավոր պրակտիկաներն ու դրանց հետևանքները: Սրան գումարվեց կառավարության տարբեր օղակների ոչ թափանցիկ ու ոչ ներառական գործունեությունը և հաշվետվողականության թերացումները, այդ թվում՝ համավարակի և պատերազմի ժամանակ պետական գնումների, հիմնադրամներից ու հատուկ հաշվեհամարներից կատարված ծախսերի առումով:

Անկայուն  խաղաղության, խաթարված անվտանգության, թուլացած ինքնիշխանության, խախտված տնտեսության, ձախողած ինստիտուտների, հուսահատված հասարակության, կորսված հանրային վստահության ֆոնին՝ օր առաջ տարբեր տարիների կառավարման սխալները վերլուծելու, սեփական դերակատարումը վերագնահատելու, զղջալու, սթափվելու, երկխոսելու, կրքերը մեղմելու, զիջելու, մոբիլիզացվելու, համատեղ ելքեր փնտրելու և շուտափույթ կերպով պետության վերականգնման ու հզորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանության ներկայացուցիչները և ընդդիմությունը հնարավորինս պարզունակեցնում են հիմնախնդիրներն ու քաղաքական խոսքը, տարածում ատելություն և մեղադրանքներ հնչեցնում միմյանց հասցեին՝ մանիպուլացնելով հասարակական տրամադրություններն ու առավել խորացնելով երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, անիշխանությունն ու ատելությունը։ Պայթյունավտանգ իրավիճակում առանձնահատուկ ընդգծվում է խորհրդարանական մեծամասնության ձախողումը ինչպես խնդիրների համար պատասխանատվություն ստանձնելու, գործադիրին հակակշիռ հանդիսանալու, այնպես էլ՝ որպես ներկայացուցչական մարմին ծառայելու և հանրության հետ հարաբերվելու առումով:

Ներկայում ստեղծված պայմանների ու պահի հրամայականն է շուտափույթ թուլացնել լարվածությունը հասարակության շրջանում՝ ձեռնարկելով քայլեր սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում՝ բարձրացնելու պետական ինստիտուտների նկատմամբ խաթարված վստահությունը: Սա ենթադրում է խորհրդարանական մեծամասնության կողմից սեփական պատասխանատվության գիտակցում և բարդ որոշումների ընդունում, հաշվետու և պրոֆեսիոնալ կառավարման համար երաշխիքների ձևավորում, երկրի սոցիալական, ռազմական, քաղաքացիական, տնտեսական և տեղեկատվական պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված համապարփակ քայլերի կազմակերպում և Արցախի հարցում արդյունավետ դիվանագիտության ամուր հիմքերի ստեղծում:

Ինչպե՛ս իշխող, այնպե՛ս էլ ընդդիմությունը պետք է  ընկալեն իրավիճակի լրջությունը և սեփական պատասխանատվությունը Հայաստանի պետականության ու ինքնիշխանության առջև ծառացած վտանգների համատեքստում և լինեն բավարար վեհանձն՝ իրենց մասնավոր ու նեղ նպատակներից վեր դասելով Հայաստանի Հանրապետության շահը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031