Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Կարաբեկյանը՝ աղմկահարույց նախագծի եւ մոլորության մասին

Դեկտեմբեր 09,2020 12:42

Դեկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ, ինչն ակադեմիական, գիտական շրջանակների մտահոգությունն է առաջացրել: Խնդրին անդրադարձ էր կատարել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ մասնավորապես ընդգծելով, որ նախարարի՝ բուհի ռեկտոր կամ գիտական կազմակերպության տնօրեն նշանակելու իրավասությունը հակասում է կրթության իրավունքի երաշխավորման իրավաչափ նպատակի էությանը, անթույլատրելի է նաև նման պահանջը ներկայացնելը՝ որպես անցումային դրույթ:

ԿԳՄՍ նախարարությունում կայացած քննարկման ժամանակ ԿԳՄՍ պաշտոնյաները փորձեցին որոշ պարզաբանումներ ներկայացնել օրենքի անհրաժեշտության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը նշեց, որ օրենքն անհետաձգելի կարգով ԱԺ ուղարկու պատճառով մտադրությունը կամ նախաձեռնությունը իրենց կողմից եղել է դեռեւս օրենքի մշակման նախորդ փուլերում. «Այս տարվա ամռանը, երբ պատրաստեցինք փաթեթը կառավարություն ներկայացնելու համար, այդ կարգավորումը, խնդրանքը կառավարությանն ուղղված՝ քննարկել արագացված կարգով, թյուրիմացության կամ թյուրըմբռնման արդյունք է, որ կապվում է այսօրվա իրավիճակի հետ եւ առաջացել են խնդիրներ, որոնք պարտադրում են հապշտապություն: Որեւէ հապշտապության մասին խոսք չկա»,-պատասխանելով լրագրողի հարցին ասաց Սամվել Կարաբեկյանը:

Այն հարցի առնչությամբ, որ օրենքի պատճառով վտանգվում են բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը, հատկապես, որ այդ օրենքով նախատեսվում է բուհերի ռեկտորների նշանակում ԿԳՄՍ նախարարության կողմից եւ ոչ թե ընտրություն, արդյոք այս նկատառումները պատրաստվո՞ւմ են հաշվի առնել, ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախ հետաքրքրվեց. «Ի՞նչ եք հասկանում բուհեր ասելով, բուհերի ռեկտորների՞ն նկատի ունենք, թե՞ բուհական հանրությանը»:

Ապա ստանալով պատասխանը, որ բուհական հանրության մասին է խոսքը՝ շարունակեց. «Նախ խոսեմ հանրայնորեն տարածված մի մոլորության մասին…Իրականում սովորաբար բուհական եւ գիտական համակարգում գործում ենք երկու հիմնական հասկացություններով՝ մեկը ինստիտուցիոնալ կամ բուհական ինքնավարությունն է, մյուսն ակադեմիական ազատությունները: Այդ երկուսն անշուշտ շատ մոտ եւ փոխկապակցված հասկացություններ են, բայց այնուամենայնիվ՝ տարբեր:

Նույնիսկ հիմա, ներկա օրենսդրական կարգավորումների տեսանկյունից մեր բուհերը բավական ինքնավար են, շատ գործառույթներ են տրված բուհերին, այլ բան է, թե որքան են իրենք օգտագործում այդ գործառույթները: Նույնը չենք կարող ասել ակադեմիական ազատությունների մասին: Բուհը կամ գիտական հաստատությունը որպես հաստատություն, ինստիտուտ՝ բավականաչափ ինքնավար է, սակայն մենք չենք տեսնում այդ ինքնավարության տարածումը հաստատությունների ներսում: Ըստ էության, ակադեմիական ազատություններն ու իրավունքները, որ հիմա տրված են բուհերին, չեն տարածվում բուհերի ներքին ենթակառուցվածքների, անհատ դասախոսների կամ հետազոտողների վրա»:

Սամվել Կարաբեկյանը մի օրինակ բերեց. «Մենք դեռեւս աշխատում ենք ուսումնական պլաններով, որոնք բավական կոշտ են, բուհերի ներսում կան բավական բյուրոկրատական գործընթացներ, ինչն անմիջապես անդրադառնում է ակադեմիական ազատության իրացման վրա: Բուհական հանրության հիմնական պահանջները կամ հայացքը ուղղվում է դեպի պետություն, բայց ուղղված չէ համալսարանի ներսում կամ գիտական հանրության ներսում իրենց իսկ վերապահված իրավունքներն իրականացնելուն, փոփոխություններ անելուն: Սա շատ կարեւոր խնդիր է, որի համար մեր օրենքի նախագիծը որոշակի ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031