«Օրենքի հիմնավորումները գրագետ են: Ասվում է, որ տարիներ շարունակ ՀՀ-ում կուսակցությունները ոչ թե հիմնվել են իրենց համակիրների ֆինանսական աջակցության վրա, այլ իրենք են դիտվել «սոցիալական» աջակցության աղբյուր, եւ քաղաքացիներին իբրեւ թե օգնել են ֆինանսապես կամ սոցիալապես, իսկ իրականում՝ գողանալով հանրային իշխանության մարմիններ ձեւավորելու կարեւոր քաղաքական իրավունքը»,-ԱԺ նիստում այսօր «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի հեղինակած՝ «Կուսակցությունների մասին օրենքի» քննարկման ժամանակ հայտարարեց նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Եթե կարողանանք հաղթահարել այս խնդիրը, շրջել տրամաբանությունը…դեռ շատ սոցիալական խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի մեր քաղաքացիներն ի վիճակի լինեն ակտիվ ֆինանսավորել իրենց համակրած քաղաքական ուժերին, բայց եթե առնվազն չեզոքացվի նախորդ տրամաբանությունը, որ կուսակցությունները չկարողանան քաղաքացիներին սոցիալական փաթեթներ առաջարկել, ապա շատ բան արած կլինենք»,-համոզմունք հայտնեց Մարիա Կարապետյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ