Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե ձայնագրությունն իրական է, ապա ես այնտեղ ոչինչ չեմ լսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին». Կոնստանտին Զատուլին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 09,2020 10:34

Հարցազրույց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Նախօրեին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք խոսում են Արցախի հարցի մասին, եւ Լուկաշենկոն միջնորդավորված՝ Ալիեւի անունից, 5 միլիարդ դոլար է առաջարկում 5 շրջանների դիմաց, իսկ Սարգսյանը հրաժարվում է։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞ւմ էր ձեռնտու, որ այս ձայնագրությունը հրապարակայնացվեր։

– Կցանկանայի այդ հարցը վերահասցեագրել Ձեզ, քանի որ այդ հարցի պատասխանը կարող է լինել տարբեր՝ տարբեր մարդկանց համար։ Մի մասը, օրինակ, կարող է կատարվածից հետո մեղադրել Սարգսյանին, որը նախկինում փողը չի վերցրել, իսկ հիմա ստիպված եք տալ ձրի ու դեռ՝ կորուստներով, իսկ մյուսները, հուսով եմ՝ նրանք մեծամասնություն են, հերթական անգամ կարող են համոզվել նրանում, որ Հայաստանի նախագահը չի գնացել գործարքի, չի թողել, որ իրեն ու Հայաստանը գնեն։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ ես չգիտեմ՝ այդ ձայնագրությունը որքանով է աուտենտիկ՝ իսկակա՞ն է, թե՞ ֆեյք, բայց եթե այդ ձայնագրությունն իրական է, ապա ես այնտեղ հնչած մտքերում ոչինչ չեմ լսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին։ Իսկ Հայաստանի նախագահը, ուզում եմ նշել, պատրաստ էր 5 շրջանների վերադարձին եւ հետո՝ նաեւ միջանցքային շրջաններին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչման անհրաժեշտության դիմաց։ Հենց այդպիսին էր Հայաստանի դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կազանյան հանդիպման նախօրեին։ Եվ այդ ձայնագրությունը պետք է վերլուծել այս հանգամանքի լույսի ներքո։ Իսկ ինչպես մենք լսում ենք այդ ձայնագրությունից՝ Լուկաշենկոն ոչ մի խոսք չի ասում ԼՂ անկախության ճանաչման մասին, խոսում է միայն շրջանները տալու մասին։

Այսինքն, ըստ Ձեզ, Սարգսյանը հրաժարվել է այն պատճառով, որ ԼՂ կարգավիճակի հարց չի՞ քննարկվել։

– Կարելի է հեշտությամբ համեմատել։ Կարող եմ տարբեր պատասխաններ ունենալ, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես պատասխանել։ Նախ, սա շատ անձնական խոսակցություն է, այն չէր կարող ինչ-որ շատ լուրջ ու ուղիղ առաջարկ լինել։ Սա երրորդ անձանց միջոցով ինչ-որ զոնդաժ անելու փորձ է` պարզելու, թե պատրա՞ստ են արդյոք հայերը շրջանների հանձնմանը, նույն Ալիեւի կողմից՝ առանց որեւէ պարտավորությունների ստանձնման։ Եվ երկրորդ․ ուզում եմ նկատել նման արտահոսքերի վերաբերյալ․ հայկական կողմի դիրքորոշումը կազանյան հանդիպումից առաջ հայտնի էր՝ ՌԴ-ի, մյուս համանախագահների ու առողջ բանականության ազդեցությամբ։ Հայկական կողմը պատրաստ էր գնալ փոխզիջումների, ինչին պատրաստ չէր Ադրբեջանը եւ այն տապալեց Կազանում հանդիպման ժամանակ։ Բայց եթե գոնե մի քիչ հասկանում եք, թե ինչպես են պատրաստվում նման հանդիպումները՝ նախագահական մակարդակի, ապա կիմանաք, որ բոլոր պայմանավորվածությունները նախապես քննարկվում են։ Եվ Կազանից առաջ որոշակի վստահություն կար՝ կա պայմանավորվածություն 5 շրջանների վերադարձի, որոշակի ժամանակ անց՝ միջանցքների։ Ընդ որում՝ խոսքը 100 կիլոմետր լայնություն ունեցող միջանցքի մասին էր։ Լաչինից, փաստորեն, մեկ գյուղ պետք է հանձնվեր Ադրբեջանին, մնացած ողջ շրջանը դառնում էր միջանցք՝ ամբողջովին։ Իսկ կարգավիճակի հարցը որոշվում էր որոշ ժամանակ անց՝ հանրաքվեի միջոցով՝ այն համամասնությամբ, որոնք ունեցել են Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությունը սկսվելու ժամանակ։ Եթե Հայաստանն այն ժամանակ դրան պատրաստ էր, ապա ո՞րն է այս ձայնագրության բացահայտումը։ Միայն այն, որ պարոն Լուկաշենկոն այսպես լայն, անգամ բազարի ոճով առաջարկում է գնել շրջանները, բայց, կրկնեմ, ոչինչ չի ասում Արցախի կարգավիճակի մասին կամ լիազորված չէր, կամ․․․ չգիտեմ՝ համարում է, որ դա ինքնին ենթադրվում է։ Կարելի է տարբեր մեկնաբանություններ տալ դրան։ Եվ հասկանալի է, որ այդ իրավիճակում Հայաստանի ղեկավարը հրաժարվել է Արցախի հայության ճակատագիրը փոխանակել դոլարներով եւ, իմ կարծիքով, միանգամայն ճիշտ է գտնվել։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այդ ձայնագրության հրապարակման նպատակը մեկն է՝հանրությանը ցույց տալ,թե ինչպիսի մոտիվացիայով հանձնվեցին տարածքները….,մանավանդ,որ հանձնողներից մեկը միլիարդների ,,բիզնես,,ուներ այդ տարածքներում՝հատուցում ներդրումների կորստի դիմաց….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031