Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն։
Կարդացեք նաև
Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն