Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան պետության դիրքորոշում չկա

Դեկտեմբեր 09,2020 13:00

Սկիզբը՝ այստեղ:

Տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաարգելափակում, տնտեսական կապերի հաստատում, շեշտում է ՌԴ-ն

Մենք միասնական ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը ստեղծում է բոլոր պայմանները, որոնք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը երկարաժամկետ լուծելու հնարավորություն են տալիս, դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, թե այդ փաստաթուղթը արդարության հիմքով է, որն արտահայտում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հետաքրքրությունները նաեւ Հարավային Կովկասում:

Այնուհետեւ Սերգեյ Լավրովը փախստականների վերադարձի, հումանիտար հարցերից անցում կատարեց ռուսական կողմի համար առավել կարեւոր թեմայի: Նա նշեց, որ ներկայումս առաջին պլան են դուրս գալիս նաեւ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնմանը, առողջապահությանը աջակցություն ցույց տալու, նորմալ կյանքի կարգավորման, տրանսպորտային միջանցքների ապաարգելափակման, այս տարածաշրջանում տնտեսական կապերի հաստատման խնդիրները: «Այս ամենը պետք է դրական դեր խաղան տնտեսական գործունեության աշխուժացման, ամենօրյա նորմալ կյանքի հաստատման գործում: Տնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության համակարգի եւ կենսապահովման վերականգնման գործընթացը կնպաստեր հայերի եւ ադրբեջանցիների բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի տարածքում, այնպես էլ միջպետական առումով»,- ասաց Լավրովը՝ հավելելով. «Դա կնպաստեր տարածաշրջանում վստահության մթնոլորտի եւ համագործակցության ստեղծմանը՝ ի շահ այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների եւ այստեղ տեղակայված երկրների: Մենք վստահ ենք, որ տարբեր ազգությունների, կրոնի ներկայացուցիչները, որտեղ էլ որ լինեն, պետք է ապրեն խաղաղության եւ անվտանգության մեջ: Եվ Հարավային Կովկասը հենց այսպիսի մոտեցման է արժանի: Մենք ամեն կերպ առաջ կմղենք»:

Ուշագրավ է, որ պաշտոնական Մոսկվան գերադասում է ընդհանրական խոսել այս հարցով: Հիշեցնենք, օրեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե առաջարկել է Նախիջեւանը Ադրբեջանի մյուս տարածքի հետ կապող միջանցք ստեղծել Հայաստանի տարածքով, եւ որ այս գաղափարը դրական են ընդունել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները։ Կրեմլը Ալիեւի այս հայտարարությունը չմեկնաբանեց։ Հիշեցնենք նաեւ, որ եռակողմ համաձայնագրում Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք չկա, նշված է միայն տրանսպորտային ուղիների կառուցման մասին, այն էլ՝ կողմերի համաձայնությամբ։

Հիմա պարզ չէ, թե Հայաստան պետության անունից ՀՀ իշխանությունները քննարկումներ ծավալո՞ւմ են, բանակցու՞մ են, քննարկո՞ւմ են, ինչ-որ առաջարկ անո՞ւմ են: Իրականում, ստեղծվել է մի իրավիճակ, որ եռակողմ հայտարարության ոչ այնքան հստակ լինելու պատճառով՝ կողմերը իրենց պատկերացումներն են ներկայացնում, մասնավորապես Ադրբեջանի նախագահն արդեն իսկ առաջարկություններ է անում, իսկ ՀՀ դիրքորոշումը պարզ չէ:

Մինսկի խումբը կոչ է անում օգտագործել հրադադարը՝ երկարատեւ խաղաղ համաձայնության հասնելու համար

Դեկտեմբեր 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Սթիվեն Բիգենը, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ողջունեցին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցումը, համաձայն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության։
Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էին արել իրականացնել հայտարարությունով ստանձնած պարտավորությունները, կարեւորում են մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքները, հորդորել են տարածաշրջանից շուտափույթ հեռացնել բոլոր օտարերկրյա վարձկաններին, Ադրբեջանին եւ Հայաստանին հիշեցնում են հումանիտար իրավունքի միջազգային պահանջներին հետեւելու պարտավորությունները, ընդգծել են պատմական եւ կրոնական ժառանգությունը պահպանելու կարեւորությունը։

Համանախագահ երկրները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ էին արել օգտագործել հրադադարը բանակցելու կայուն եւ երկարատեւ խաղաղ համաձայնության հասնելու համար՝ համանախագահների հովանու ներքո։ Համանախագահները վերահաստատել են իրենց հետեւողական եւ միասնական դիրքորոշումը հօգուտ բոլոր մնացած հիմնական խնդիրների համաձայնեցված, համապարփակ եւ կայուն կարգավորման, համապատասխան Հայաստանին ու Ադրբեջանին հայտի հիմնարար սկզբունքների ու տարրերի։ Համանախագահ երկրները նախկինի պես ամբողջովին հանձնառու են մնում այդ նպատակին հասնելու համար, ըստ իրենց, երկարամյա ջանքերի՝ նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման հաստատմանը, նշվում էր համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում։

Ըստ էության, երկար քննարկումներից հետո ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հանդես եկան միասնական հայտարարությամբ, ինչը չէր հաջողվում մի քանի շաբաթ: Սա նշանակում է, երեք համանախագահող պետությունների միջեւ համաձայնություն կայացել է, որ հետագա ջանքերը պետք է որոշվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, այլ ոչ թե Ռուսաստան-Թուրքիա մակարդակում:

Ուշագրավ է, որ համանախագահ պետությունների ներկայացուցիչներն իրենց հայտարարությունում մատնանշել էին համապարփակ կարգավորման մասին՝ «համապատասխան Հայաստանին ու Ադրբեջանին հայտի հիմնարար սկզբունքների ու տարրերի» մասին, այնուամենայնիվ չեն հիշատակել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի անհրաժեշտությունը:

Ռուսաստանը սկսել է կարեւորել ԵԱՀԿ Մինսկի խմբին

Նկատվում է, Մոսկվան վերջերս սկսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունը կարեւորել:

Դեկտեմբերի 3-4-ը ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհուրդը ամենամյա նիստն անցկացրեց հեռավար կարգով, որի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ-ի ներուժը մնում է պահանջված։ Նա նշել է, թե ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները լուծելու համաձայնությունները պետք է մեծ աջակցություն ստանան անդամ երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը եւ ընդգծել է, որ նման մոտեցում են ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ, որին կշարունակեն ամեն կերպ աջակցել:

Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ երկրներն առավել ակտիվ աջակցություն կցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի եռակողմ հայտարարությանն աջակցելու հարցում, նշել է Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում: «Կազմակերպության ներուժը հակամարտության կարգավորման գործում մնում է պահանջված: Ձեռք բերված պայմանավորվածությունները ճգնաժամային իրավիճակի լուծման վերաբերյալ ԵԱՀԿ տարածությունում պետք է ավելի մեծ աջակցություն ստանան անդամ-պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործում, որին կշարունակենք մշտապես նպաստել: Գնահատում ենք գործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջեւ»,- ասել է Լավրովը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն եւս կոչ է արել աջակցել ղարաբաղյան համաձայնությանը, ասելով, թե Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը դրական արդյունքներ է տալիս հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կապերի առումով։ «Մենք որպես Մինսկի Խմբի անդամ երկիր, միշտ աջակցել ենք այդ հակամարտության կարգավորման ուղիները գտնելու ջանքերին եւ շարունակում ենք անել դա: Մենք միշտ հայտարարել ենք, որ կարգավորման ճանապարհը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, համապատասխան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին, ԵԱՀԿ սկզբունքներին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա։ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ներկայիս համաձայնությունը թույլ տվեց կայուն խաղաղության հասնել 30 տարի անց։ Այն դրական արդյունքներ է տալիս տարածաշրջանային կայունության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կապերի տեսանկյունից», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով. «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ մյուս երկրներին, մասնավորապես, համանախագահներին, ձեռնպահ մնալ քաղաքական դրդապատճառներ ունեցող գործողություններից։ Դա կարող է հարվածել ձեռք բերված պայմանավորվածություններին»։ Չավուշօղլուն իր ելույթում ԼՂ-ի հայությանը կոչ է արել վերաինտեգրվել Ադրբեջանի կյանքին։

«Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության վերաինտեգրման օգտին՝ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում, եւ երաշխավորում է հավասար, առանց խտրականության ապահովելու հավասար իրավունքներ եւ ազատություններ բոլորի համար, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից։ Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում օգտվել խոստումնալից իրականությունից եւ գնահատել այն»,- իր հերթին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031