ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Ադրբեջանը և Հայաստանը ղարաբաղյան կարգավորման հարցով հանդիպում անցկացնելու հարցին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը պատասխանել է, որ եռակողմ հայտարարությունը անկյունաքարային էր կրակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն բանակցությունները կարող են տեղի ունենալ այն բանից հետո, երբ հակամարտության գոտում իրավիճակը կայունանա:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն «Ժամանակ»-ի հետ զրույցում փաստեց՝ սա պատերազմից հետո համանախագահների առաջին այցն է լինելու տարածաշրջան, դրանից առաջ տևական ժամանակ համանախագահները չէին այցելում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված։
Բաբայանի դիտարկմամբ՝ բանակցությունները պետք է շարունակվեն, սակայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցն, ըստ նրա՝ մոտ ապագայի խնդիր չէ. «Իմ անձնական համոզմամբ՝ դա երկարատև գործընթաց է։ Տեսանելի ժամանակահատվածում՝ կարճաժամկետ կամ միջնաժամկետ իմաստով, այս հարցը դժվար թե կարգավորվի։ Այսինքն՝ դե ֆակտո մենք մնում ենք ինքնակառավարվող, բայց որպեսզի դա իրավական ձևակերպում ստանա՝ տարիներ են պետք, առավել ևս հիմա»։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի ֆորմատը կպահպանվի, բայց չբացառեց նաև, որ կարող են այլ ձևաչափեր ի հայտ գալ. «Մինսկի խումբն ավելի միջազգային է, այստեղ և՛ Միացյալ Նահանգներն է, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամից երեքն այստեղ են, բայց չի բացառվում, որ ձևավորվեն այլ ձևաչափեր։ Օրինակ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան։ Սա ես չեմ բացառում, բայց նաև կարծում եմ, որ Մինսկի խմբի ձևաչափը կպահպանվի»։
Կարդացեք նաև
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: