Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դեմ հինգերորդ սերնդի պատերազմն ու դրա ցավագին ելքը հայկական պետական քաղաքականության տապալումն է. «Ժամանակ»

Դեկտեմբեր 09,2020 09:31

Հետպատերազմական ներհայաստանյան քննարկումների առանցքային թեմաներից մեկը դիվանագիտության աշխատանքն ու պատերազմի կանխման հարցում դրա ձախողման վերաբերյալ հարցադրումները: Այդ համատեքստում հաճախ է մեջբերվում հայտնի միտք, թե պատերազմը սկսվում է այնտեղ, երբ ձախողվում է դիվանագիտությունը: Այդ միտքն, անշուշտ, շատ դեպքերում ունի շոշափելի աղերս իրականության հետ, բայց այն չի կարող դառնալ պատերազմի առնչվող իրողությունների բացարձակ ախտորոշում: Բանն այն է, որ թե՛ դիվանագիտությունը, թե՛ պատերազմը, խոշոր հաշվով, համաշխարհային քաղաքականության, ուժային կենտրոնների ռազմավարության գործիքակազմ են, որ կիրառվում են՝ ելնելով մի շարք գործոնների համադրումից:

Բանն այն է, որ հայկական դիվանագիտությունը ավելի քան քառորդ դար գործնականում, կամա թե ակամա, աշխատել է երկու ուղղությամբ. Ադրբեջանի իրավունքի ճանաչում, և այդպիսով, պատերազմի իրավունքի հարցում Ադրբեջանին կամա, թե ակամա տրվող «քարտ-բլանշ», ինչը նույնիսկ Պուտինն էր արձանագրում նոյեմբերի 9-ից հետո տված հարցազրույցում: Եվ այդ իմաստով երկրորդ՝ պատերազմի ձգձգման, ոչ թե կանխման ռազմավարական խնդիր: Որովհետև կանխման ռազմավարական խնդիրը պետք է ենթադրեր յուրաքանչյուր կոպեկի՝ այլ ուղղությամբ խնայումով Հայաստանի բանակի անխնա արդիականացում: Իսկ դա ևս տարիներ պահանջող գործընթաց է: Ըստ այդմ, Արցախի դեմ հինգերորդ սերնդի պատերազմն ու դրա ցավագին ելքը հայկական պետական քաղաքականության տապալումն է, ինչը շատ ավելի լայն հասկացություն է, քան դիվանագիտությունը:

Ի վերջո, որևէ դիվանագիտություն ամուր հենվում է երկու ոտքի վրա՝ դիվերսիֆիկացված և արդիական, արժեք ստեղծող տնտեսություն, և սպառազինված ու արդիական բանակ: Այդ իմաստով, Հայաստանի դիվանագիտությունը եղել է այսպես ասած՝ մեկ ոտքի վրա, և ավելին, ինչպես ցույց տվեց պատերազմը՝ ցավոք սրտի, զգալիորեն թերի է եղել մյուս ոտքը: Բանակն ունեցել է ռեգիոնում լավագույն հրամանատարներ ու մարտիկներ, բայց ժամանակին անհամարժեք սպառազինություն:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031