Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հագին զրահաբաճկոն է եղել, քանի որ կարծում եմ՝ ՀՀ-ում փորձում են իշխանափոխություն անել քրեական տարրեր». Հայկ Ստեփանյան

Դեկտեմբեր 09,2020 00:20

«Այո, իմ հագին եղել է զրահաբաճկոն»,- «Հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ լավ է արել, որ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքի ժամանակ զրահաբաճկոն է կրել:

Նա շարունակեց. «Այն իմ հագին եղել է ոչ թե նրա համար, որ գեղեցիկ է, այլ որովհետև ես կարծում եմ՝ ՀՀ-ում փորձում են իշխանափոխություն անել քրեական տարրեր և որոնցից սպասելի է ցանկացած գործողություն, ինչին ես պիտի պատրաստ լինեմ: Մեր թիմը պատրաստ է, որ մեր դեմ գործում է բանդիտական խմբավորում, որն ամեն տեսակի նենգության պատրաստ է»:

Հայկ Ստեփանյանը ավելի վաղ Հանրապետության հրապարակում՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ քանի՞ հոգի էր սատարում Նիկոլ Փաշինյանին, երբ նա սկսեց քաղաքական գործընթաց, պատասխանեց. «Նորմալ է, երբ մի քանի հոգով սկսում ես քաղաքական գործընթաց, և քեզ միանում են, բայց աննորմալ է, երբ դու 17 քաղաքական թիմով սկսում ես մի գործընթաց, և քեզ մոտ սկսում են պակասել և դու սկսում ես քո ռեսուրսները կիրառել, ստիպում ես, որ հիմնարկներում մարդկանց ստիպեն գնալ հանրահավաք, գումար ես տալիս: Կարո՞ղ եք ասել, որ վարչապետը որևէ մեկին մի դրամ է տվել, որ գա ցույց անելու»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հասարակության մեջ պառակտում չե՞ք տեսնում, քանի որ մի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են, մյուս կողմից ի աջակցություն նրա, Հայկ Ստեփանյանը պատասխանեց, որ պառակտում չի տեսնում և ասաց. «Ես պառակտում չեմ համարում ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող 6-7 հազար քաղաքացիների և հանրության միջև: Սա առողջ մթնոլորտ է. պառակտում չի կարող լինել 99 տոկոսի և 1 տոկոսի միջև: Նոյեմբերի 10-ին 17 կուսակցությունների համար ստեղծվել էր հնարավորություն իշխանափոխություն անելու, բայց այդ հնարավորությունն արդեն սպառվել է, և, ըստ երևույթին, նրանք չեն կարող, որովհետև չունեն այն թեկնածուն, որը կընդունվի ժողովրդի կողմից: Վազգեն Մանուկյանը, երբ հանդես է գալիս որպես միասնական թեկնածու և ժողովրդի անունից, առնվազն պիտի լինի արդար մարդ, բայց ես չեմ համարում նրան արդար մարդ, քանի որ այդ մարդը տասը տոկոսին կոչում է  անասուն»:

Հիշեցնենք՝ 2017-ին, երբ Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահն էր, Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր. ««Կան մարդիկ, որոնց իշխանություն պետք չի տալ: Եթե իշխանություն ես տալիս ու ինքը վերահսկելի չի, ինքը կկոտրի մինչեւ վերջ ու այդպիսի մարդիկ իրավունք ունեն կին ունենալ, իրավունք ունեն երեխաներ ունենալ, ես պատկերացնում եմ ինչ բռնություններ են իրենք կատարում իրենց ընտանիքում: Դա մի մոռացեք, այդ խնդիրը կա: Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետեւ դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երեւի մարդկային հոգեբանական վիճակն են: Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն, դու պատկերացրու ինչեր կանի: Մեր խնդիրը նա չի, որ այդ մարդկանց ձեռք տալով՝ ավանդական ընտանիքներ քայքայվեն: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ միջոցը, որը սրանց կվերացնի, բայց մնացած ընտանիքները կպահի մեր ավանդական արժեքների մեջ: Դա է մեր խնդիրը…Մենք ունենք պրոբլեմ եւ այդ պրոբլեմը պիտի լուծենք»:

Հայկ Ստեփանյանը Էդմոն Մարուքյանի մասին էլ ասաց՝ նա 2018-ին հնարավորություն է ունեցել գալ ԱԺ Նիկոլ Փաշինյանի անվան տակ. «Ես վստահ եմ՝ ԱԺ-ում ներկա կուսակցություններից առնվազն երկուսը մանդատ չեն ստանալու, եթե լինեն նոր ընտրություններ, իսկ «Իմ քայլը» միանշանակ ստանալու է: Եթե հիմա ընտրություն լինի, Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ է տանելու»:

Հայկ Ստեփանյանը` ի պատասխան լրագրողների փաստմանը հայտնեց, թե տեղյակ չէ, որ մարզպետարանի աշխատակիցները Արարատի մարզում քաշքշել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքի բնակիչներին: Նա վստահեցրեց, որ իրենց թիմը երբեք չի կարող հրահրել բախումներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031