Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճակատագիր – 2

Դեկտեմբեր 09,2020 12:00

(Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից)

– Գտել ե՜մ, գտել ե՜մ…,- անսովոր ձայնով բղավում եմ, գոռում եմ: Գոռում եմ ու չեմ լսում ինձ, չեմ զգում ոչինչ: Շուրջս դատարկություն է: Ոչ մարդ, ոչ շունչ, ոչ աշխարհ՝ գոյություն չունեն… Դիակներ են՝ իրար վրա, իրար կողքի, աջ ու ձախ՝ անկանոն փռված… Նաեւ դագաղների բուրգեր՝ խառնիխուռն լցված, որ տերերի նման անտեր են դեռեւս… Աստվա՜ծ իմ… Կարծես դժոխքը բացել է դուռն ու ինձ ներս առել:

– Գտել ե՜մ, գտե՜լ,- ճչում եմ նորից սւ նորից, բայց ձայնս չի հասնում ականջիս:
…Նրա գլուխը տափակել էր՝ ցնցումների պահին արագորեն իրար վրա թափվող բետոնե սալիկների անխիղճ հարվածներից: Բայց սեւավոր մահվան պահը դաջել-թողել էր հազիվ նշմարվող մշտական ժպիտը, որ պարզ երեւում էր կիսաբաց աչքերի մեջ: Իսկ ես, մեկ ցնորվածի նման անզգայանում էի, մեկ էլ՝ ուշքի գալով, դաժան իրականության ահասարսուռ տեսարաններից՝ նորից ցնորվում ու կորցնում էի ինձ… Ոչ ոք չկա, որ… Բայց հանկարծ ինչ- որ մեկը գրկում է ինձ ու ոլորում ձեռքերս: Կարծես հանգստացնել է ուզում ինձ… Արդեն տեսնում եմ՝ պարզ ու շիտակ, որ… Սպիտակի մարզադաշտում եմ եւ այնտեղ փռված-լցված դիակների կույտերի մեջ մարդիկ փնտրում են իրենց զոհված երեխային, թոռանը, քրոջը, եղբորը, բարեկամին…

-Գտել ե՜մ, գտե՛լ եմ Արտուշի՜ս…

Արտո՜ւշը…
Նա ավագ եղբորս՝ Հենզելի, միակ որդին էր, ով ծնվել էր հինգ աղջիկներից հետո, երջանկացնելով եղբորս ու մեզ, որ վերջապես «օջախի ծուխը» շարունակող լույս աշխարհ եկավ:

Արտուշը երկրաշարժի պահին նոր էր բոլորել տասնմեկ տարին: Ծնվել էր իմ Սիրանուշից մեկ շաբաթ անց, ում հետ նույն չար բախտին արժանացավ: Մեր գերդաստանի կողմից բոլորս, երկար ու ձիգ ամիսներ, անվերջ աղաչում-պաղատում էինք Աստծուն, որ մեր առաջնեկը աղջիկ ծնվի, միայն թե՝ եղբայրս տղա ունենա: Այս անգամ մեր աղերսանքներն առ Աստված հասան…

Արտուշը քայլել սկսելու օրից, հոր ոտնաձայները լսելուն պես, ընդառաջ էր վազում: Հայրն էլ գրկում էր նրան՝ անսահման կարոտով: Կարծես տարիների բաժանումից հետո էին տեսնում միմյանց: Իսկ ընթրիքից հետո Արտուշը պարտադիր պիտի հոր գրկին տեղավորվեր: Հինգ քույրերից ոչ մեկն իրավունք չուներ նման «պատվի արժանանալ»: Նրա իրավունքներն անսահմանափակ էին…

Ժիր էր նա, մարդամոտ, մի փոքր էլ՝ չարաճճի ու կռվարար: «Կռիվների» ժամանակ Արտուշի «պողպատե թիկունքը» Կարինեն էր, նրա քույրերից երկրորդը: Եթե որեւէ մեկը փորձեր նեղացնել նրան, Կարինեն, վաղ թե ուշ, «հակառակորդի» «ականջների տեղերը փոխելու էր»: Դա ավելի էր «երես տալիս» նրան:

Արտուշն անսահման ճարպիկ էր նաեւ: Ամենօրյա խաղերից մեկի ժամանակ, նա ցանկանում է վազելով կտրել-անցնել փողոցը: Այդ պահին, ավտոմեքենայի կտրուկ արգելակման խլացնող ձայնից բոլորս դուրս թափվեցինք, կարծես համոզված, որ Արտուշը վրաերթի ենթարկվեց: Եվ ի՜նչ տեսնենք… Ավտոմեքենայի հակառակ կողմից բղավում է.

– Չմտածեեե՜ք, ես ողջ եմ…
Մենք նրան տուն բերեցինք իրար «ձեռից խլելով»: Անմիջապես մերկացրեցինք ու տեսանք, որ քերծվածք անգամ չունի: Զգացինք, սակայն, որ շատ է վախեցել: Մինչ մեքենան կհարվածեր, նա թռել էր շարժիչի ծածկոցին, երկու ոտքով, զսպանակաձեւ, խփել ծածկոցին ու անվնաս հայտնվել ավտոմեքենայի մյուս կողմում…

– Դու մե՛ծ, շա՜տ մեծ մարմնամարզիկ ես, իսկակա՛ն մարմնամարզիկ,- վախը փարատելու մտադրությամբ կրկնում էինք միաձայն: Իսկ նա, ժպիտը ծիծաղ դարձրած, նայում էր մեզ ու փառավորված հրաշանում:

Արտուշը շենքի բակից հազվադեպ էր տուն մտնում: Վազվզում էր, ընկերների հետ խաղում՝ ինքնամոռաց ու երջանիկ: Երկրաշարժից վայրկյաններ առաջ մայրն ստիպում է տուն գալ եւ ավագ քրոջ դստերն ուղեկցել իրենց տուն: Մոր պարտադրող կանչերից հետո, նեղված ու դժգոհ, տուն է մտնում եւ…

Եղբորս սգավոր կինը, որ քսան ժամ մնացել էր փլատակների տակ, մի քանի ամիս հիվանդանոցներում ապաքինվելուց հետո, պատմում էր տեսածն ու զգացածը.
– Դղրդյունը լսելիս աչքերը սասափից լայնացան: Ոչ մի բառ չհասցրեց ասել: Ինձ նայեց, ձեռքերն անօգնական իմ կողմը պարզելով: Հետո…, կարծես անդունդ բացվեց տան մեջ ու… Խորխորատը տարավ նրան…,- պատմում էր ու փղձկում: Այնպես ողբալի, որ կարծես սիրտը տրաքելով դուրս էր գալիս բերանից…
Մենք սփոփանքի բառեր չէինք գտնում: Մեր սրտերի վերքերը միանման էին՝ դաժան, անբուժելի ու անտանելի ցավոտ: Իրար մխիթարելով էինք միայն հանգստանում: Եվ այսպես՝ տարիներ շարունակ: Երկրաշարժի սարսափները ժամանակը հեռացնում էր, սակայն չմարող վիշտը տառապանք էր դարձել եղբորս ու նրա կնոջ բարակած սրտերում: Նրանք երկուսն էլ, բառացիորեն ապրել այլեւս չէին ուզում: Եղբայրս, որ փոքր-ինչ սեր ուներ խմիչքի հետ, իրեն «արաղին տվեց», ամեն Աստծո օր, տնքոցներով կրկնելով որդու կորստի անմոռանալի ցավը: Արտուշից հետո նա ընդամենը վեց տարի ապրեց ու մահացավ հիսունը չբոլորած: Կինը՝ Սվետլանան, ամուսնուց ավելի երկար ապրեց եւ մահացավ վաթսուն տարեկանում, միակ որդու անունը շուրթերին:

Մարզադաշտում գտնվող փրկարարները պատգարակի վրա դրեցին Արտուշի դին եւ իմ ուղեկցությամբ տարան դեպի գերեզմանոց: Ճանապարհի աջ ու ձախ կողմերում՝ փլատակների վեր ածված տների բակերում, ողբ ու կոծ էր, անասելի վայնասուն: Ինձ թվում էր՝ քայլում էի անկշռելիության պայմաններում՝ անօդ տարածության մեջ: Քայլում էի անէացած, հազիվ քարշ տալով ոտքերս: Գերեզմանոցում այլ բնակավայրերից օգնության եկած տասնյակ մարդիկ անհասցետեր գերեզմաններ էին փորում: Մեզ տեսնելուն պես նրանք անմիջապես մոտեցան՝ օգնելու պատրաստակամ: Նրանց խնդրեցի պատանով փաթաթել Արտուշին՝ հետագայում ավելի պատշաճ դագաղով վերահուղարկավորելու նպատակով: Եղբայրս էր այդպես կամեցել: Երկրաշարժից մի քանի ամիս անց, Արտուշի վերահուղարկավորումը կատարեց քրոջս ամուսինը՝ Հարությունը: Նա վերահուղարկավորության ողջ ընթացքում բավական հեռու էր պահել եղբորս: Հենզելը երբեք չցանկացավ մահացած վիճակում տեսնել իր միակին…

Երկրաշարժից շաբաթներ անց հանդիպեցի նվիրական ընկերներիցս մեկին: Երկուսս էլ ուրախացանք, որ ողջ ենք: Այն տարիներին միակ ուրախությունը երկրաշարժից փրկված ծանոթ-ընկեր-բարեկամին հանդիպելն էր: Ինձ տեսնելուն պես գրկախառնվեց, ուշադիր ու երկար նայեց դեմքիս, ապա ավելի երկար՝ ուղիղ աչքերիս մեջ: Կարծես շփոթել էր ինձ ուրիշ մեկի հետ եւ ջանում էր ճանաչել: Մի քանի րոպե զրուցելուց հետո, երեւի նկատելով չափից ավելի ինձ ուշադիր նայելու զարմանքը, նա անկեղծացավ ու սկսեց պատմել մարզադաշտի «առեղծվածը»:

– Երբ Արտուշի դիակին մոտեցար, խելագարի նման սկսեցիր գոռալ՝ գտել եեե՜մ… Դու գժի պես պարում էիր ու գոռում՝ գտել եեե՜մ… Ես ոլորեցի ձեռքերդ այնպես ամուր, որ ցավից սթափվես ու «վերակենդանանաս»: Սակայն… Դու չնկատեցիր էլ, որ ես եմ քեզ սատարողը: Ինքս էլ մենակ էի: Կողքիս ոչ ոք չկար, որ հույսի մի շող ներարկեր սրտիս մեջ: Ախր ես էլ իմ քսան տարեկան եղբոր դիակն էի գտել, ախպերս… Դժոխքի մեջ էինք ընկել: Գնա՜ն ու հետ չգա՛ն այդ օրերը…,- դառը հոգոց հանելով, կարծես դատարկեց վշտից ծանրացած սիրտը:

Նա հրավիրեց ինձ «մի կտոր հաց ուտելու» իր «նորակառույց» վրանում: Մենք չափից դուրս շատ խմեցինք՝ ցավն ու տառապանքն իր «բնում» խեղդելու համար: Կեսգիշերն անց էր, երբ վրանից դուրս եկանք:

Հրաժեշտի պահին անկեղծ սիրով ու հավատարմությամբ փաթաթվեց ինձ ու շշնջաց ականջիս.
– Ուրախ եմ, ախպերս, որ դու խելագարված չես…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031