Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի վեցամսյա ճանապարհային քարտեզը․ ի՞նչ է ներառված և ի՞նչ է դուրս մնացել

Դեկտեմբեր 08,2020 23:45

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում 2020 թ. նոյեմբերի 18-ին ներկայացրեց իր գործողությունների վեցամսյա ճանապարհային քարտեզը, որը նա նախատեսում է իրականացնել Հայաստանի կրած ջախջախիչ պարտությունից հետո ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ներմուծված վարձկան ահաբեկիչների:

Սրանք այն քայլերն են, որոնք Փաշինյանը մտադիր է ձեռնարկել՝ ենթադրելով, որ կմնա իշխանության ղեկին: Նա մերժել է իր պաշտոնանկության համար ժողովրդական համառ պահանջները: Սրանք են նրա 15 կետանոց ծրագրերը.

Փաշինյանն սկսեց՝ հայտարարելով, որ «եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին»։ Նա ընդունել է, որ ինքն է «ստեղծված վիճակի թիվ մեկ պատասխանատուն», ինչպես նաև «իրավիճակը հաղթահարելու ու երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն»։

Վարչապետը հայտարարեց, որ իր առաջնահերթ խնդիրը՝ «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերականգնումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով, Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»: Արցախյան պատերազմի ավարտի մասին բանակցելով Ռուսաստանի հետ՝ Փաշինյանը դուրս էր թողել Մինսկի խմբի բանակցողների երկու այլ անդամներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ-ին:

Իր երկրորդ կետում Փաշինյանը կրկնել է Արցախի ժողովրդի՝ իրենց օջախները վերադառնալու կարևորությունը։ Նա հավելել է, որ նրանց վնասված տները, բնակարանները և ենթակառուցվածքները պետք է վերականգնվեն։ Հազարավոր փախստականներ Արցախից արդեն վերադարձել են իրենց տները, որոնք Ադրբեջանը չի զավթել: Հայաստանի կառավարությունը վերադարձածներին վճարել է չնչին փոխհատուցում:

Երրորդ կետ․ «զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»։

Չորրորդ կետ․ «պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում»:

Հինգերորդ կետ․ «հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում»:

Վեցերորդ կետ․ «գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում»: Սա պետք է լիներ թիվ մեկ առաջնահերթությունը։

Յոթերորդ կետ. «պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում»:

Ութերորդ կետ․ «զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ»: Հուսով եմ, որ սա ներառում է ռազմական արդիականացում՝ բանակը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ապահովելով և Հայաստանի ու Արցախի տարածքում «օդային վահան» կամ «երկաթե գմբեթ» ստեղծելով՝ դրանք Ադրբեջանի կողմից ձեռք բերված իսրայելական և թուրքական առաջադեմ անօդաչու սարքերից պաշտպանելու համար:

Իններորդ կետ. «կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում»:

Տասներորդ կետ. «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում»։

Տասնմեկերորդ կետ․ «ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում»։ Սա, հավանաբար, վերաբերում է բնակչության աճի խթանների ապահովման ծրագրին, մի բան, որը խիստ անհրաժեշտ է Հայաստանին, հատկապես՝ իր հազարավոր երիտասարդների զոհաբերությունից հետո:

Տասներկուերորդ կետ. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»:

Տասներեքերորդ կետ. «Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ»: Այս կետն արդեն նախաձեռնվել է։

Տասնչորսերորդ կետ. «Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում»: Այս քայլը խիստ անհրաժեշտ է ազգը համախմբելու համար:

Տասնհինգերորդ կետ. «Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»: Ցավոք, Սփյուռքը չափազանց երկար ժամանակ անտեսվեց, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը վերաբերում է դրամահավաքությանը: Սփյուռքի հետ խորհրդակցելուց բացի, անհրաժեշտություն է ստեղծել ինստիտուցիոնալ կառույց՝ Սփյուռքի հետ համապարփակ և ընդգրկուն կերպով աշխատելու համար:

Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ նա փոփոխություններ կկատարի իր կառավարության կառուցվածքում: Իրոք, այս հայտարարությունից հետո մի քանի նախարարներ կամ թողել են աշխատանքը, կամ՝ հեռացվել: Սակայն, հազիվ թե այս հեռացումները բավարարեն նրանց, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

Եզրափակելով, Փաշինյանը հայտարարեց, որ վեց ամիս հետո՝ մինչև 2021 թ․ հունիսը, նա զեկուցելու է ժողովրդին այս 15 կետերի կատարման մասին և «հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնեմ հետագա անելիքների վերաբերյալ»: Սա կարող է նշանակել, որ Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ մնալու իշխանության ղեկին և մեղմել հասարակության վիշտն ու հիասթափությունը: Դեռ հայտնի չէ, արդյոք նա այդքան կդիմանա, և ինչ արդյունքներ կունենան նրա ծրագրերը:

Ես կցանկանայի նշել մի քանի կարևոր կետեր, որոնք Փաշինյանը դուրս է թողել իր ճանապարհային քարտեզից:

Առաջին անհապաղ առաջնահերթությունը պետք է լինի «Հայտարարության» անորոշ դրույթների հստակեցումը, որը Փաշինյանը ստորագրել է Ալիևի և Պուտինի հետ: Սա պետք է հնարավորություն տա նվազագույնի հասցնելու կորուստները և վերացնելու ամենածանր զիջումները, ինչպես օրինակ՝ Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի թույլտվությունը։

Երկրորդ առաջնահերթությունը պետք է լինի Արցախի անկախ կարգավիճակը պաhպանելու համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Հակառակ դեպքում, մենք ռիսկի ենք դիմում կորցնելու մնացած Արցախը:

Երրորդ առաջնահերթությունը քննչական հանձնախմբի ստեղծումն է՝ պատերազմում տեղի ունեցած սխալները վերանայելու և լուրջ վրիպումների պատասխանատուներին հայտնաբերելու համար: Բազմաթիվ մեղադրանքներ են հնչել Հայաստանի քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից դավաճանության կամ դասալքության վերաբերյալ։ Սակայն, ոչ մեկը չի մեղադրվել որևէ անօրինականության մեջ: Կարևոր է, որ այս հանձնախումբը կամ տրիբունալը կազմված լինի անկուսակցական և մեծ հարգանք վայելող անձանցից՝ խուսափելու համար կառավարության կողմից որևէ կոծկումից։ Գուցե հնարավոր չլինի հրավիրել անաչառ օտարերկրյա քննիչների՝ ազգային անվտանգության գաղտնիքների պատճառով:

Չորրորդ բացակայող կետը՝ հայերին «սևերի» և «սպիտակների» (իշխանամետ և ընդդիմադիր խմբակցություններ) ցավալի բաժանման վերացումն է: Ատելության և դառնության գերիշխող մթնոլորտը պառակտում է հայ հասարակությունը: Բոլոր կողմերը պետք է դատապարտեն թշնամական և գռեհիկ լեզվի օգտագործումը այլախոհ հայ հայրենակիցներին նկարագրելու համար:

Վերջապես, պետք է ստեղծվի տեխնոկրատների ժամանակավոր կառավարություն` նախանշված որոշ կետերի վերահսկման համար, իսկ մյուս մասը` հայ հասարակությունը բնականոն հուն վերադարձնելու համար: Ծրագրեր պետք է կազմվեն նաև Ազգային ժողովը լուծարելու և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին`6-12 ամսվա ընթացքում: Սակայն ընտրություններից առաջ անհրաժեշտ է նախապատրաստել նոր Սահմանադրություն և անցկացնել հանրաքվե՝ դրա փոփոխված դրույթներն ընդունելու համար, որոնք կարող են ներառել Նախագահի ընտրությունը, այլ ոչ թե խորհրդարանի կողմից նրա նշանակումը:

Այս բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտում՝ անկախ մեր անհատական տարաձայնություններից՝ հարգելով օրենքի գերակայությունը և բացառելով բռնության գործադրումը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031