Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ մոտեցել, ասել են՝ միլպետն ուզում է Ձեզ հետ զրուցել, ոստիկանները մոտեցան, թե պիտի գնանք բաժին». համայնքապետերը մանրամասնում են

Դեկտեմբեր 08,2020 23:03

«Ճանապարհն էինք փակել, այդ ընթացքում ոստիկանները մոտեցան, թե պիտի գնանք բաժին, ասացի՝ գնանք»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանը:

Հիշեցնենք՝ տեղեկություն տարածվեց, որ երբ Արարատի մարզի բնակիչները Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ոստիկանական բաժանմունք են հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած համայնքի ղեկավարներին՝ Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանին, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանին և Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանին:

Հայկ Հայկյանն ասաց՝ ոստիկանության բաժանմունք են իրենց հրավիրել և ասել՝ ճանապարհը բացեք: Նա փոխանցեց, որ իրենց՝ ոստիկանության բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածը եղել է օրենքի սահմաններում: Մեր հարցին՝ շարունակելո՞ւ է մասնակցել համայնքի բնակիչների անհնազանդության գործողություններին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Երբ ակցիաները կլինեն, ես անձամբ մասնակցելու եմ»:

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Ինձ այնտեղ մոտեցել, ասել են՝ պարո′ն Անդրեասյան, միլպետն ուզում է Ձեզ հետ զրույց ունենալ: Այսքան բան է եղել: Միլպետի մոտ մտել ենք հինգ րոպե: Ընդամենն ասել է՝ խնդրում եմ հասարակական կարգը պահեք որպես համայնքի ղեկավար, մենք ոչինչ չունենք Ձեզ ասելու»:

Տեսանյութերում երևում է՝ անհնազանդության գործողությունների ժամանակ ճանապարհը փակած համայնքի ղեկավարներին մոտենում են զինվորականներ և նրանցից պահանջում ճանապարհը բացել: Ռաֆիկ Անդրեասյանին խնդրեցինք որոշ մանրամասներ հայտնել՝ ովքե՞ր էին նրանք, որտեղի՞ց եկան, նա ասաց. «Զինվորականները չգիտեմ՝ որտեղից եկան, բայց նրանք ոչ մի բանի չեն խառնվել: Ոստիկանությունն իր դերում է եղել, ինչքան հնարավոր է հասարակական կարգի պահպանում են իրականացրել: Հրահրողը եղել է նույն Թևոնյան Ռազմիկը, որին այսօր արդեն հրապարակումներ կան, որ մարզպետ են նշանակել: Երևի դրա համար էր աչքի ընկնում»:

Ռաֆիկ Անդրեասյանն ասաց՝ ինքն իր ֆեյսբուքյան էջում նախապես անհնազանդության ակցիաների հետ կապված հայտարարությունը տեղադրում է ու գնում: Նրա փոխանցմամբ՝ ով կգա, կգա, ով ոչ՝ ոչ: Բայց նախապես զգուշացնում է, որ առանց բռնությունների ու քաշքշուկների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031