Պայմանագրային եւ ՄՈԲ-ի համալրումով Էջմիածնի «քիմիական» զորամասից ռազմաճակատ մեկնած եւ անհայտ կորածների հարազատները ՀՀ պաշպանության նախարարության մոտ են:
Արդեն 50 օր է, այդ զորամասի 34 զինծառայողներից տեղեկություն չկա: Այս ընթացքում նրանք տարբեր դռներ են թակել, հանդիպումներ են ունեցել վարչապետի, փոխվարչապետի, ՊՆ ներկայացուցիչների հետ: Մի քանի օր առաջ, զորամասի ղեկավարությունից տեղեկություն էր ստացվել, որ երկու օրվա ընթացքում Զանգելանի հատվածում, որտեղ կորել են տղաները, որոնողական աշխատանքներ սկսելու թույլտվություն է տրվելու: Ժամանակ անցավ, որոնողական աշխատանքների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Անհայտ կորածների հարազատներն այսօր առավոտյան կրկին Էջմիածնում էին, զորամասի մոտ ցույց էին անում: Պահանջը նույնն է`լուր ստանալ իրենց հարազատներից:
Ապա ցույցը շարունակեցին Երեւանում`ՊՆ-ի մոտ: Արդեն մի քանի ժամ է, անհայտ կորածների հարազատները Պաշտպանության նախարարության շենքի մոտ են, հրաժարվում են տուն գնալ:
«Ով իրենց հրաման է տվել`բոլորն այստեղ են»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց ՊՆ-ի մոտ ցույց անելու իրենց որոշումը անհայտ կորածներից մեկի քույրը` Սիրանույշ Ալեքսանյանը: Նա նկատի ունի այն հրամանատարներին, ովքեր համակարգել են այդ զորամասի ծառայողների տեղաշարժերը. նրանք են` Անդրանիկ Մակարյանը, Վարդան Նշանյանը, Արսեն Աբգարյանը:
Կարդացեք նաև
«Առավոտից այստեղ ենք, մնալու ենք, դեռ մինչեւ առավոտ կմնանք, դռներն էլ փակեն`դուրսն ենք նստելու ու մնալու ենք, նստացույց կանենք»,- ասաց Սիրանույշ Ալեքսանյանը`պատասխանելով իրենց հետագա գործողությունների մասին հարցին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՊՆ տարբեր պաշտոնյաներ այս ընթացքում անընդհատ դուրս են եկել, զրուցել են իրենց հետ. «Ուզում են, մեզ տուն ուղարկեն, բայց չենք գնալու`մինչեւ հստակ բան մեզ չասեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ