Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն դեկտեմբերի 7-ին ընդունել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենին։
Հանդիպմանը քննարկվել է պատերազմում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված մարդու իրավունքների կոպիտ խախտումները, այդ թվում՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ դաժանությունները։
«Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում էթնիկ հայերի նկատմամբ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների»,- եզրահանգել է Արման Թաթոյանը:
Պաշտպանը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:
Կարդացեք նաև
Արման Թաթոյանը Լարս Ասլան Ռասմուսենին է փոխանցել էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական կողմի դաժանությունների ապացույցներ և շեշտել, որ գերիների ազատ արձակումը և նրանց անվտանգ վերադարձի ապահովումը, դիերի փոխանակումը րոպե առաջ, հրատապ լուծում պահանջող խնդիր է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ