Այսօր մի խումբ քաղաքացիներ, որոնց մեջ էին նաեւ Հանրապետական կուսակցության անդամներ, որպես անհնազանդության ցույց, փակել էին Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը։ Նրանք բացականչում էին «Նիկոլ, դավաճան, առանց Նիկոլ Հայաստան»։
Վարորդների մի մասը ազդանշաններով արձագանքում էին, մի մասն էլ անդադար ազդանշաններով պահանջում էին բացել փողոցը։ Այս ցույցի ժամանակ վեճ տեղի ունեցավ ցուցարարների եւ մի քաղաքացու միջեւ։
Անցորդներից մի տղամարդ մոտեցավ ցույցի մասնակիցներին եւ բորբոքված դիմեց․«Դու պատերազմին մասնակցե՞լ ես»։
«Ես մասնակցել եմ, ի՞նչ կա»,-արձագանքեց երիտասարդներից մեկը։ Տղամարդը վրդովված շարունակեց․ «Ձեր թեկնածուն ո՞վ է, ո՞վ պիտի լինի ձեր վարչապետը, ուզում եմ իմանամ՝ դուք ումի՞ց եք»։ Ցույցի մասնակից երիտասարդները փորձում էին այս տղամարդուն հանգստացնել, սակայն նա շարունակեց․ «Դուք ուզում եք, որ հները գան, ոնց որ մեր բանակը չզինեցին, պաշտպանություն չունեցավ․․․»։
Ցուցարարներից մեկն արձագանքեց, ասելով՝ եթե բանակ չլիներ, քո տղան չէր զանգի, ասի՝ մինչեւ վերջ կռիվ եմ տալիս։ Այս խոսքերից հետո տղամարդն ավելի բորբոքված ասաց․ «Կարող է բահով էլ կռիվ անի իմ տղան, բայց դա չի նշանակում, որ էդ բահով ինքը հաղթելու էր»։
Ցույցի մասնակիցները տղամարդուն ուղեկցեցին մոտակա մայթ, վեճը դադարեցրին, ու շարունակեցին իրենց անհնազանդության գործողությունը՝ փակ պահելով խաչմերուկը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները, որոնց անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, այսօր մինչեւ ժամը 12:00-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու ժամանակ էին տվել։ Փաշինյանի հրաժարականը տեղի չունեցավ։ Ուստի, ինչպես որ այս քաղաքական կուսակցությունները խոստացել էին, սկսեցին մայրաքաղաքում եւ հանրապետության այլ բնակավայրերում անհնազանդության ցույցեր, նրանք փակում են ճանապարհները։ Այսօր փակ էր նաեւ մետրոպոլիտենը։
Ցույցերի կազմակերպիչները հայտարարել էին, որ անհնազանդության այս գործողությունները շարունակելու են մինչև ժամը 17:00-ն։ Այս պահին դրանք դադարեցված են։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆ