«Ես կարծում եմ, որ հոգեւոր առաջնորդները հաճախ չեն արձագանքում շատ կարեւոր իրադարձություններին, հաճախ շատ քաղաքականացված արձագանքներ են տալիս, երբ որ պետք է ուղղակի հանդարտության, հանգստության, խաղաղության կոչերով հանդես գան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն`անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Արամ Ա կաթողիկոսի`Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի կոչին:
Նրա գնահատմամբ, հոգեւոր առաջնորդները լավ կլիներ, որ լռեին, ինչպես որ լռել են եւ նոր Հայաստանում չեն խառնվել քաղաքական գործընթացներին: Կարծում է, որ հանրությունն իր ճիշտ գնահատականը կտա հոգեւոր առաջնորդների կեցվածքին: Նաեւ հիշեցնում է, որ մենք ականատես են եղել նաեւ Կաթողիկոսի հրաժարականի պահանջին, այդ առիթով փողոց փակելուն, Կաթողիկոսի մեքենայի արգելափակմանը եւ այլն, բայց, հաշվի առնելով ինստիտուտի լրջությունը, իշխանությունն այդ խոսակցություններին լրջություն չի տվել:
Դիտարկմանը, որ իրավիճակները տարբեր են եւ ստեղծված իրականությունում Կաթողիկոսներն իրավունք ունեն դիրքորոշում հայտնել եւ հիշեցմանը, որ Արամ Ա կաթողիկոսը հաճախ է սատարել հեղափոխությամբ իշխանության եկած ուժին, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «ՀՀ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները թյուրըմբռնումով է կաթողիկոսների մոտ ներկայացվում: Կարծում եմ, որ շտապել են եւ գնահատականները իրականության հետ մի քիչ տեղին չեն եղել: Իսկ ՀՀ-ում իշխանությունն ի՞նչ պետք է անի, որոշում են աշխարհիկ կյանքը եւ ՀՀ քաղաքացին»:
Իսկ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ինքը տեսնում է արտահերթ ընտրություններով: Խոստանում է շնորհավորել`ազատ եւ արդար ընտրություններով, ժողովրդի ընտրությամբ հաղթանակած ուժին, ոչ թե մի խմբի:
Կարդացեք նաև
«Հանրային տրամադրությունները նախկին իշխանություններին պատկանող լրատվամիջոցների ներկայացրած իրականությունը չէ, փողոց փակող ՀՅԴ-ական երիտասարդները չեն, Վանեցյան Արթուրի աշխատակիցները չեն, Ծառուկյան Գագիկի աշխատակիցները չեն, ՀՀ հասարակ մարդիկ են, որոնք 72 տոկոս վստահության քվե են տվել եւ երբ ընտրություն կունենանք, իրենք կգնան՝ կրկին կընտրեն այն մարդուն, ով կդառնա ՀՀ վարչապետ: Ուրիշ ոչ ոք`ոչ ՀՅԴ-ն, ոչ Ծառուկյան Գագիկը, ոչ Վանեցյան Արթուրը, ոչ ՀՀԿ-ն, ոչ իրենց ետեւում կանգնած Ռոբերտ Քոչարյանը, ովքեր ընտրությունների միջոցով ՀՀ-ն վերածել էին ընտրակաշառքի երկրի, իրավունք չունեն Հայաստանում իշխանություն ձեւավորելու»,- ասաց նա:
Նաեւ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ խոսակցությունները լինում են այն մարդկանց շրջանակում, ովքեր ցանկանում են անցյալը ետ բերել, իսկ «Իմ քայլում» նման մարդ չկա:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ է իր ունեցվածքը վաճառքի հանել, խոսակցություններ կան, որ պատրաստվում է լքել երկիրը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը ոչինչ էլ վաճառքի չի հանել եւ այն մարդիկ, ովքեր նման խոսակցություններ են տարածում, հավանաբար իրենք են պատրաստվում հեռանալ Հայաստանից:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ