«Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին». Aravot.am-ի զրուցակիցն է իշխող ուժի ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը
– Տիկին Ջուլհակյան, քիչ առաջ ընդդիմությունը հանրությանը կոչ արեց անհնազանդության ցույցեր սկսել, արդեն մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակված են: Կաթողիկոսը նույնպես վարչապետի հրաժարականի կոչով հանդես եկավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրադարձությունները:
– Ինչ վերաբերվում է անհնազանդության ակցիաներին, ապա պետք է նշեմ, որ Հայաստանի հանրապետությունում երաշխավորվում են մարդու բոլոր իրավունքները, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքը: Ոստիկանությունը պետք է լինի աչալուրջ: Եվ, եթե կան օրենքի խախտումներ, ապա այդ շրջանակներում ձեռնարկեն համապատասխան միջոցներ, կատարեն իրենց պարտականությունները: Իսկ Կաթողիկոսի մասով պիտի շեշտեմ, որ Հայաստանն աշխարհիկ պետություն է, եկեղեցին պետությունից անջատ է եւ չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին:
– Ամեն դեպքում, ներհասարակական կայունության համար Կաթողիկոսն իրավունք ունի կոչով դիմելու հանրությանը եւ օգտվել են այդ իրավունքից: Ինչպե՞ս կմեկնաբանեք հոգեւոր առաջնորդների քայլը. իրավիճակն իրո՞ք այդքան լարված է, քաղաքացիական պատերազմի շեմի՞ն ենք կանգնած: Նման կանխատեսումներ նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանն էր արել:
Կարդացեք նաև
– Ես չեմ կարծում, որ մենք քաղաքացիական պատերազմի շեմին ենք կամ, որ իրավիճակն այնքան լարված է, որ հոգեւոր առաջնորդը կոչով դիմի հանրությանը: Ամեն դեպքում, նա օգտվել է իր իրավունքից, դիմել է եկեղեցու հետեւորդներին, նրանք էլ պիտի անեն իրենց հետեւությունները:
– 2018-ին, երբ փակվում էին փողոցները՝ հեղափոխություն էր տեղի ունենում, հոկտեմբերի 2-ին, շրջափակվել էր նաեւ ԱԺ շենքը: Ի՞նչ եք կարծում, այս իրադարձությունները կհասնե՞ն այդտեղ:
-Իրադարձությունները շատ ավելի վատ տեղ են հասել: Նոյեմբերի 9-ին գազազած եւ քաղաքական որոշ ուժերի կողմից ուղղորդված ամբոխ հայտնվել է ԱԺ շենքում եւ կոտրել դարպասները: Այդ մասին տեսանյութեր արդեն կան համացանցում: Ես չեմ հետեւել հարուցված քրեական գործերի ընթացքին, բայց ոստիկանությունն այն մարմինը չէ, որ հաստատի այս կամ այն քաղաքական ուժի կողմից ուղղորդված լինելը: Այդ գործերը կուղարկվեն դատարան, դատարանն է վերջնական որոշողը, թե ով ինչ մասնակցություն է ունեցել: Ես ինքս համացանցում տեսել եմ տեսանյութեր, որոնցում նկատել եմ քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ կարող եմ ունենալ ողջամիտ կասկածներ, որ գործողությունները կազմակերպված են եղել այդ քաղաքական ուժերի կողմից: Հասարակությունը նույնպես տեսել է, թե այդ ամբոխի առանձին անհատներ ինչեր են արել այստեղ եւ կառավարության շենքում:
– «Իմ Քայլից» շարունակում են հեռանալ պատգամավորներ: Գոռ Գեւորգյանը պատճառաբանել է, որ իր տեսակետները խմբակցությունում չեն ողջունվել: Ի՞նչ տեսակետների մասին է խոսքը:
– Ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը պարոն Գեւորգյանն է: Ես նրա տեսակետներին ծանոթ չեմ, իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել, պարոն Գեւորգյանը թող ասի, թե իր կոնկրետ ո՞ր տեսակետը չի ողջունվել:
– Իրավիճակի հանգուցալուծման առումով վարչապետի հրաժարականի եւ «Իմ Քայլի» այլ թեկնածուի անվան հետ կապված քննարկումներ եղե՞լ են:
– Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ շարունակում ենք ունենալ: Եթե լինի որեւէ նորություն, հանրությունը կիմանա դրա մասին:
– Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա:
-Նիկոլ Փաշինյանը չպետք է հրաժարական տա:
– Ինչու՞:
– Իսկ ինչո՞ւ պետք է տա:
– Իրավիճակը հանգուցալուծելու համար: Համաշխարհային պրակտիկայում չկա դեպք, երբ կապիտուլյացիայի ակտ ստորագրած իշխանությունը շարունակի ղեկավարել:
– Կապիտուլյացիայի ակտը որոշ շրջանակների, գուցե նաեւ Ձեր, գնահատականն է: Սա պարտություն է, բայց ես կվարանեմ սա այդպես կոչել: Այնուամենայնիվ պատմության մեջ կան դեպքեր, որբ պարտված ղեկավարը շարունակել է իր իշխանությունը: Ես կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է հանրության ստվար զանգվածի վստահությունը, ինչը բխում է նաեւ մեզ ուղարկվող բազմաթիվ նամակներից, ուստի նա պետք է շարունակի ղեկավարել երկիրը:
– Պարտված ղեկավարի օրինակ բերվեց՝ Սադամ Հուսեյնը, որի ճակատագիրը բոլորիս է հայտնի:
– Ինչո՞ւ միայն նա, ունենք նաև Վրաստանի, Ուկրաինայի օրինակները: Իսկ ո՞վ է բերել Սադամ Հուսեյնի օրինակը, ի՞նչ էր ակնարկում այդ օրինակը բերողը: Ակնարկ կա, սպառնալիք կա, գուցե իրավապահ մարմինները զբաղվեն:
Այլ մանրամասները`տեսանյութում
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ