Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ ցուցարարները պատրաստվում են ամենօրյա ցույցերի

Դեկտեմբեր 08,2020 18:12

Այսօր մի քանի կուսակցությունների՝ ՀՅԴ-ի, «Հայրենիք»-ի, ԲՀԿ-ի, «Հանրապետական»-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բողոքի կարճատև ցույց տեղի ունեցավ Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց։ Ցուցապաստառները կրում էին «Հայրենիքը փրկողը դու ես» վերտառությունը։

Անհնազանդության ցույց կազմակերպողները պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նշում, որ մեր երկրին անհրաժեշտ է ճիշտ բանակցող և վստահություն հայտնում, որ ճիշտ բանակցելու դեպքում կհասնեն ցանկալի արդյունքների՝ հետ կբերեն կորսված հայրենիքի հնարավոր պատառները։ Իսկ սա, ըստ ցուցարարների, չի կարող անել պարտված ղեկավարը։

Նրանք հորդորում էին վարչապետին հեռանալ՝ չսրելով իրավիճակը, չպառակտել հասարակությանը։

«Մեր ակցիաները կլինեն այնքան, մինչև կհասնենք ցանկալի արդյունքի, քանի դեռ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը չի հայտարարի իր հեռանալու մասին, ամեն օր լինելու են ակցիաներ», -նախազգուշացրեցին ցուցարարները։

Անդրադարձ կատարվեց նաև երեկ համացանցում հայտնված Սերժ Սարգսյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությանը։

«Համացանցում լցված ձայնագրությունների մասով՝ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանն ապահովել է իր երեխաների ապագան և շատ հանգիստ կարող է հեռանալ և իր երեխաների հետ ապրել այլ երկրում։ Ես ցանկություն չունեմ ապրել այլ երկրում, իմ երեխան պիտի ապրի հայրենիքում»,- ասաց ելույթ ունեցողներից մեկը։

Aravot.am-ի հետ զրույցում մասնակիցներից ՀՅԴ-ական Համազասպ Խոցանյանը նշեց, որ ցույցի նպատակը ժողովրդի միասնությունն է, ցույցով ուզում են ասել, որ դեմ են հասարակությանը սև ու սպիտակների բաժանելուն, այժմ համախմբվելու ժամանակն է։

«Պիտի միավորվենք ու օր առաջ կոչ անենք, որ պարոն վարչապետն անցնցում հեռանա աթոռից։ Ցավոք սրտի, նա կարծես շատ է սիրահարվել այդ աթոռին և իր կյանքն առաց աթոռի չի պատկերացնում։

Ակցիայի օրակարգում վարչապետի ու նրա ողջ վարչակազմի օր առաջ հեռացումն է, որովհետև ապիկար կառավարման արդյունքում եղավ այս ամենը։ Ունենալով տվյալներ, որոնք չուներ հասարակ ժողովուրդը, ունենալով ԳՇ պետի զեկույցները, թե ինչպիսին է մեր մարտական վիճակը, մենք արդյոք ի զորո՞ւ ենք այդ լայնամասշտաբ 5-րդ սերնդի պատերազմին, հրահրեցին այն։ Այդ տեղեկատվությանը կարող էին տիրապետել շատ քիչ քանակով մարդիկ։ Տիրապետողները, ցավոք սրտի, ամեն ինչ արեցին, որ ժամ առաջ հրահրեն պատրազմ, որը կարելի էր կանխել, ես դրանում համոզված եմ։ Իսկ եթե պատերազմն անխուսափելի էր, գոնե գոնե կարելի էր հոկտեմբերի 20-ից կանխել, միջազգային տեղեկատվության աղբյուրները փաստում են, որ հնարավոր էր։

Հոկտեմբերի 20-ից հետո յուրաքանչյուրի զինվորի մահ անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ներքո է գտնվում և ժամ առաջ նա պիտի հեռանա, որովհետև իր զբաղեցրած աթոռն այլևս արյունոտ է, նա այլևս չի վայելում 2018 թվականի համաժողովրդական շարժման լայն աջակցությունը։ Նրան այդ շարժման ժամանակ ոչ մեկը մանդատ չէր տվել Արցախի հարցը քննարկելու, նա ապօրինաբար օգտագործեց այդ մանդատը։

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի պատերազմել, որևէ երկրի պատերազմ չի հայտարարել, որևէ երկիր Հայաստանի Հանրապետությանը պաշտոնապես պատերազմ չի հայտարարել, սակայն այսօր կորսվում են Հայաստանի Հանրապետության բուն տարածքները, որոնք, ըստ Սահմանադրության,ՀՀ-ի անբաժանելի մաս են։ Խոսքս վերաբերում է թե՛ Սոթքին, թե՛ Սյունիքի բոլոր համայնքներին, որոնք, ցավոք սրտի, երկկողմանի սահմանամերձ գյուղեր դարձան մեկ գրչի հարվածով»,-մտահոգված էր Համազասպ Խոցանյանը։ Ըստ բանախոսի, Փաշինյանը կտրվել է իրականությունից։

Նա մեկ անգամ ևս կոչ արեց համախբվել, բռունցքվել։

«Այս շարժման ամբողջ նպատակն է՝ ո՛չ կուսակցություններին, ո՛չ պառակտիչ ուժերին, , միավորվում ենք գաղափարի շուրջ, միավորվում ենք հանունի իհամար։Հերիք է մերժելու համար հավաքվենք, հավաքվենք հանուն հայենիքի փրկության, հանուն ստեղծագործ աշխատանքի, հանուն մեր վաղվա օրն ավելի լավը դարձնելու։

Այս ակցիաները շարունակական են լինելու, մինչև որ մեր խոսքը տեղ հասնի հող հանձնողին»։

Մեր զրուցակիցն ասաց, որ այլևս չի պատրաստվում լինել «ՀՊարտված» քաղաքացի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031