ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը մտավորականների հավաքի ժամանակ անդրադարձավ մի քանի խնդիրների, այդ թվում՝ հոգեւոր անվտանգությանը. «Մեր երկիրը կանգնած է մի շարք անվտանգային խնդիրների առջեւ, եւ դրանցից առաջինը հոգեւոր անվտանգությունն է, որի պահապաններն են նաեւ մտավորականները: Անցնող տարիների ընթացքում կար թերահավատ մոտեցում մտավորականության նկատմամբ, բայց ի պատիվ բոլորիս՝ մենք ամենակրիտիկական իրավիճակներում կարողացել ենք գտնել ճիշտ ճանապարհը, եւ կանգնել ազգային արժեքների կողքին»:
Գիտնականի խոսքով, մտավորականության թիրախավորումը զուգակցվել է ազգային արժեքների հանդեպ ընդգծված հարձակումներով. «Հայագիտական առարկաների դեմ հալածանքները, Մայր բուհում այդ առարկաների ոչ պարտադիր դառնալու սկսված գործընթացները ցույց տվեցին, որ կա մտավորականության մի փոքր խումբ, որը պատրաստ է կանգնել այս ամենին ի պաշտպանություն, կա խումբ, որը հարմարվողական է, եւ կա խումբ, որը ցավոք սրտի հանցավոր լռություն է պահպանում:
Մեկ-երկու տարի առաջ, երբ ԵՊՀ-ում քննարկվում էր հայագիտական առարկաների՝ հայոց լեզվի, հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության դեմ այս արշավը, այդ առարկաների պահպանմանը կողմ քվեարկեց ԵՊՀ գիտխորհրդի 80 անդամներից ընդամենը 13-ը: Որոշ ժամանակ անց, երբ ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը, կողմ քվեարկեց 48 անդամ: Այսինքն` կա դրական միտում:
Այս ընթացքում ազգային արժեքների դեմ հարձակումները զուգակցվում էին տաբուների կոտրմամբ, եւ որեւէ արգելք, սրբություն, անձեռնմխելի երեւույթ չկար, նրանց համար, որոնց անվանում են հասարակության ոչ այդքան գիտակից հատված, միեւնույն է՝ կհայհոյեն քաղաքական գործչի, թե ամենայն Հայոց Հայրապետին, որը մեկ ժամ առաջ պահանջեց Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Բարոյական արգելքների վերացումը նույնպես անվանում եմ մեր հոգեւոր անվտանգության խնդիր, եւ այստեղ մտավորականությունն ունի շատ կարեւոր գործառույթներ իրականացնելու անհրաժեշտություն»:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը նշեց, որ մտավորականության թիվ 1 թշնամին դիլետանտությունն է, տգիտությունը եւ այն չարիքը, որ համակել է մեր պետական համակարգին. «Այն չարիքը, որ սողոսկել է պետական տարբեր համակարգեր, ոլորտներ եւ այսօր դրա կործանիչ հետեւանքները տեսնում ենք: Տգետների, դիլետանտների բանակը զբաղեցնում է պատասխանատու պաշտոններ, իրենց բացասական հանցագործ ներկայությամբ քանդում են եւ քանդել են բոլոր ոլորտները»:
Նա իր մասնագիտության՝ թուրքագիտության օրինակով խոսեց.« Այսօր եւ երեսուն տարվա ընթացքում Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխել իրենց քաղաքականությունն ու դիրքորոշումը՝ Հայաստանի եւ հայության նկատմամբ, որն ընդգծված թշնամական է, բայց չգիտես ինչու կային շրջանակներ, որոնք փորձում էին երկխոսել թուրքերի հետ, փորձում էին ներել նրանց, ԱԺ ամբիոնից հայտարարում էին, որ կան լավ թուրքեր: ԱԺ իշխող ֆրակցիայի ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան չի միջամտելու Արցախյան հարցին: Այս օրենքի գորշ կարդինալներից մեկն ասում էր, որ չի կարելի այրել Թուրքիայի դրոշը ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ, որովհետեւ դա հանցագործությունն է, եւ այդ նույն անձը որոշում էր այն չափորոշիչները, որոնցով պետք է դաստիարակվեն սերունդներ: Ես կարծում եմ, որ այս հանցավոր դիլետանտիզմն ուղղակիորեն սպառնալիք է եղել եւ մնում է մեր անվտանգության նաեւ արտաքին հարաբերությունների համար»:
Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ, այսօր էլ թուրքական սպառնալիքը չի դադարել, եւ չի դադարի. «Հայ-թուրքական պատերազմը ոչ թե 2020 կամ 1920 թ պատերազմ է, այլ հազարամյա պատերազմ է, որ սկսվել է թուրքերի՝ այս տարածաշրջան մուտքով եւ ընթացքում ունեցել ենք հայ-թուրքական ճակատամարտեր, վերջինը նույնպես նմանատիպ ճակատամարտ էր: Հաջորդող ճակատամարտեր եւս լինելու են»;
Նա նշեց, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում թուլացրել են մեր զգոնությունը թուրքի ու ադրբեջանցու հանդեպ, ինչը մեծագույն հանցանք է. «Թուրքիան փոխել է իր ագրեսիվ տոնայնությունը վերջին շաբաթվա ընթացքում, որովհետեւ հասել է իր համար գլխավոր խնդրին՝ Արցախի մի մասի օկուպացիային, բայց նրա նկրտումները շարունակում են մնալ նույն ագրեսիվը, ուղղակի ձեւակերպումներն են տարբեր: Իսկ ամենանակյունաքարայինը Մեղրիի հարցն է, Մեղրիի միջոցով ճանապարհը դեպի Նախիջեւան, որը պանթուրանական ծրագրի ամենակարեւոր եւ ցանկալի կետն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ