Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ֆիքսված սահման չկա. ԱԳՆ-ից ասում են՝ դեռ երկար ժամանակ այսպես է լինելու». պատգամավոր

Դեկտեմբեր 08,2020 17:56

«Սյունիքի մարզի Արավուս համայնքի մի խումբ բնակիչներ դիմել են՝ հայտնելով, որ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում գտնվող իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողերն իրենցից խլում են ադրբեջանցիները: Գյուղի ութ տասնյակ կամավորներ, որոնք պաշտպանել են մեր սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող իրենց հողատարածքներից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ահազանգեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Սյունիքի փոխմարզպետն ասում է, թե հայկական կողմից տարածքներ չեն զիջվել: Հաճելի է լսել, որ պետական սահմանից մի մետր չենք զիջել, բայց իրականությունն ու պաշտոնյաների հերքումները շատ հեռու են իրարից: Պաշտոնյաները հերքում են մի բան, որի մասնակիցները հարյուրավոր քաղաքացիներ են, եւ դա մարդկանց զայրույթն է առաջացնում: Իրականում Արավուսից 37 հեկտար հողատարածք համայնքի պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին: Իննը հեկտար հող սեփականաշնորհված է, եւ ՀՀ քաղաքացիներն ունեն սեփականության վկայականները, բայց զրկվել են վարելահողերն օգտագործելու՝ ապրուստի միջոցի հնարավորությունից: Նրանք պահանջում են պետության ներկայացուցչին՝ կադաստրի կոմիտեին»,-հավելեց Թագուհի Թովմասյանը:

 

«Պարզվեց, որ Կադաստրի կոմիտեն անելիք չունի: Սահմանների հարցով կոչված են զբաղվել ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն, բայց երկուսն էլ իրենց գործառույթը լիարժեք չեն իրականացնում, քանի որ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման փուլում ենք, իսկ սահմանների ճշգրտման հարցերը դեռ պետք է կատարվեն միջգերատեսչական մակարդակով, քանի որ քարտեզներ պետք է հանվեն, համադրվեն, եւ սա երկար գործընթաց է: Այս պահին արձանագրենք, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ֆիքսված սահման չկա: Ինձ այսպես ասացին ԱԳՆ-ից, եւ դեռ երկար ժամանակ այսպես է լինելու»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031