Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հիմա էլ ընտրություն լինի, իշխող ուժը նորից կհաղթի». Ալեն Սիմոնյան

Դեկտեմբեր 08,2020 17:25

Այսօր հանրապետությունում սկսված անհնազանդության ցույցերը`Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ԱԺ փոխխոսնակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը համարում է էլիտաների հեղաշրջման փորձ, քանի որ, իր գնահատմամբ, տեղի ունեցող գործընթացները «միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձեւավորողն է»։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն եւ այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար` մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ վերցնում են ՀՀ քաղաքացիներից ընտրելու իրավունքը։ Դա, թերեւս զարմանալի չէ, հաշվի առնելով այն, թե ո՞ւմ կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը։ Հեղափոխությունից հետո շատ ու շատ էլիտաներ կորցրել են իրենց հնարավորությունները՝ գումար աշխատելու, կոչումներ ստանալու։ Եվ այսօր, տեսնելով, որ իրավիճակը բարդ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից այդ էլիտաները բրդվում են առաջ, որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»:

Ալեն Սիմոնյանը հավանական է համարում, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ լինեն: Սակայն հստակեցրեց, որ իշխող քաղաքական ուժը դեռ նման որոշում չունի: Դա, իբրեւ անհատ, ինքն է ասում. «Կարող է, դուք ուզում եք, որ վարչապետը լինի Էդմոն Մարուքյանը։ Եթե խոսում են ժողովրդի անունից, ժողովրդի անունից ագրեսիա են տարածում, թող ասեն՝ հարգելի ժողովուրդ, եկեք նոր ընտրություններ կազմակերպենք։ Այստեղ կարեւորը հետեւյալն է՝ ՀՀ ժողովուրդը պետք է որոշի, ոչ թե էլիտաները։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ ժամանակ, երբ մենք հասկանանք, որ իրոք արդեն բոլոր գործընթացներն ավարտված են, ռազմագերիների հարցերը լուծված են, երբ մարդկանց մոտ հուզմունքը կվերածվի սառը դատողության, կլինեն արտահերթ ընտրություններ։ Ես համարում եմ, որ եթե հիմա էլ ընտրություն լինի, իշխող ուժը նորից կհաղթի»:

Ըստ նրա, Արցախի կապիտուլյացիան պատրաստել, թղթերով գրել, ստորագրել, գծել են այն մարդիկ, որոնք հիմա դրա մեջ իրենց են մեղադրում։

Նա չցանկացավ մեկնաբանել սոցցանցերում տարածված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությամբ ձայնագրությունը։ Ասաց`դրանում որեւէ բան չի տեսնում:

Հիշեցնենք, ձայնագրությունում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրուցում են Արցախի հարցի շուրջ: Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկում է`Ադրբեջանին վերադարձնել ազատագրված յոթ շրջանները եւ փոխանցում, որ Իլհամ Ալիեւը նրան դրա դիմաց, առաջին փուլի համար, հինգ միլիարդ դոլար կվճարի: Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ պատրաստ է Ալիեւին վեց միլիարդ տալ, որպեսզի վերջինս հրաժարվի այդ տարածքներից:

Երրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել այդ առիթով`ձայնագրությունն ընդունելով, որպես փաստ, բայց մեկնաբանություններից զերծ մնալով, քանի որ փակ հանդիպման ժամանակ տեղի ունեցած նախագահների խոսակցության մասին է խոսքը:

Լրագրողների դիտարկմանը` ենթադրություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել է այդ գործարքին, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ էլի, մտան Նիկոլ Փաշինյանի տուն, տեսանք՝ ի՞նչ ենթադրություններ կան. մի հատ 70 000 դրամանոց հայկական ժամացույց»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031