Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ռազմագերիների հարցով ուղերձ ընդունեց. ԲՀԿ-ն ասում է, որ ոչ մի հարցի պատասխան չստացան

Դեկտեմբեր 08,2020 17:17

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ն փակ ձեւաչափով քննարկեց հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց խնդիրը, եւ կազմվեց ուղերձ-հայտարարություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՀ ԱԺ-ն, հիմնվելով ՄԱԿ֊-ի 1948թ.-֊ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ-ի Ժնևյան կոնվենցիայի, Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ֊-ի Ժնևյան կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ-ի եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ֊-ի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի նորմեր սահմանող այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքի սկզբունքների վրա,

-Հաշվի առնելով հայկական և ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց եւ զոհվածների դիերը,

-Արձանագրելով, որ Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների եւ դիերի վերադարձի գործընթացը, ակնհայտորեն թաքցնում է իր հսկողության ներքո հայտնված ռազմագերիների և անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում է դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական և հոգեբանական տառապանքները,

-Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի՝ իր ԶՈՒ ներկայացուցիչների կողմից բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը ԶԼՄ-ներով եւ սոցցանցերով,

-Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների համակարգային եւ նպատակաուղղված քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ ատելություն և թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելուն, խոշտանգելու եւ բռնության այլ դրսեւորումների հերոսացմանը, ՀՀ ԱԺ-ն ուղերձով դիմում է միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-֊ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-֊ի խոշտանգումների դեմ կոմիտեին և Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին և անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին,

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ կոչ է անում.

-Հորդորել Ադրբեջանին անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց,

-Պահանջել Ադրբեջանից անհապաղ դադարեցնել

խոշտանգումները, անմարդկային և դաժան վերաբերմունքը հայ ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ քաղաքացիական անձանց նկատմամբ,

-Պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական և քաղաքական գործիչների հանրային խոսքում, ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում եւ ցանկացած այլ դրսեւորման մեջ,

-Առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների և ստանձնված միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը,

-Գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների՝ միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խիստ պահպանմանը»:

 

Ուղերձն ընթերցած «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ այն կթարգմանվի եւ կուղարկվի համապատասխան կառույցներին՝ որպես իրենց միասնական քաղաքական կամք:

RA National Assembly session took place

Ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդդիմությանը շնորհակալություն հայտնեց քննարկման կազմակերպման եւ փակ ձեւաչափին ըմբռնումով մոտենալու համար:

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր հերթին ասաց. «Մենք կողմ կքվեարկենք, բայց փակ քննարկման ձեւաչափում ոչ ԲՀԿ-ն, ոչ առհասարակ ԱԺ-ն, հուզող հարցերի որեւէ պատասխան չստացան»:

Նշյալ հայտարարությունն ընդունելու հարցը քվեարկության դրվեց եւ ընդունվեց միաձայն՝ 100 կողմ ձայներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031