Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր գրականության ու պատմության վրայից քերեցին մաշկը, մեր լեզուն դարձրին կամընտրական». Սերժ Սրապիոնյան

Դեկտեմբեր 08,2020 16:56

Հայրենիքի համար այս բախտորոշ պահին Հայաստանի մտավորականները հավաք են նախաձեռնել: Մշակութային գործիչ Սամվել Հարոյանը նշեց, որ հավաքը կուսակցական բնույթ չի կրում, եւ զուտ կրթության, գիտության, մշակույթի ոլորտի նվիրյալների հավաք է: Նա հավելեց, որ բացառելու են կանխակալ ելույթները, յուրաքանչյուրն արտահայտելու է իր կարծիքը՝ երկրում տիրող քաղաքական սոցիալական, տնտեսական, մշակութային վիճակի մասին:

ԵՊՀ երկարամյա դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ ամենազորեղ խոսքը միշտ վերապահվել է մտավորականությանը, գիտության ու արվեստի գործիչներին: Նշեց, որ երբեք չի տառապել հոռետեսության ախտով, բայց միեւնույն ժամանակ չի հիշում մի դրվագ, իրավիճակ, երբ բարոյապես, հոգեպես, ինքնասիրության, երկրի քաղաքական, սոցիալական կեցության առումով հայտնված լինեինք նման անելանելի վիճակում:

«Այստեղ վճռորոշ խոսքը չի պատկանում որեւէ կուսակցության, քաղաքական գործչի, առավել եւս պատահական քաղաքական գործչի եւ իրենց հեղինակավոր խոսքն ու միտքն ասելու են մտավորականները»,-ընդգծեց նա:

Հավելեց, որ վտանգը շարունակվում է. «5000-ից ավելի զոհեր ունենք, դրա կրկնապատիկ թվով վիրավորներ, բազմաթիվ անհայտ կորածներ, անհայտությունը հայ ժողովրդի ամենակսկծացնող, մրմռացնող ցավն է, եւ ցավից ազատվելու ենք ծանրագույն աշխատանքի եւ հոգեբանական ինչ-ինչ հնարքների միջոցով…

Սա անվերականգելի կորուստ է, ինչպես 15թ Ցեղասպանության կորուստները, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր 300 հազար զինվորների կորուստները, Արցախյան առաջին պատերազմի կորուստները, դժբախտաբար չենք կարողանալու վերականգնել այս վերջին խայտառակ պատերազմի կորուստները…»:

Գրականագետի խոսքով. «Մեզ անվերջ ներարկեցին մեր մշակույթի ազգայնական վտանգավորության մասին միտքը, մեր գրականության ու պատմության վրայից քերեցին հիմնական մաշկը, մեր լեզուն դարձրին կամընտրական եւ ոչ պարտադիր, մինչդեռ մեր լեզուն մեջ մտնում է մեր մոր կրծքից կերած կաթի հետ եւ դուրս է գալիս միայն վերջին հոգոցի հետ: Մեզ բերեցին-հասցրին մեր վերջին հոգոցին, երբ մեր միջից դուրս է գալիս մեր լեզվամտածողությունը:

Այն բուհերից, որոնք հիմնվել են սովից, Եղեռնից հետո մազապուրծ պրծած, տիֆի համաճարակում տառապող ժողովրդի քաջարի մտավորականների կողմից, այսօր  կոշկակարների «բուդկա» են սարքում իրենց ուզած մարդուն ռեկտոր թխելու նպատակով: Սա նշանակում է, որ բուհերը նույնպես վերացնում են»:

Սրապիոնյանը բերեց Վիկտոր Համբարձումյանի օրինակը, որն իր ձեւակերպմամբ, աստղաֆիզիկոս էր, բայց լավ հասկանում էր, որ լեզվի հիմքերը նաեւ աստղաֆիզիկայում են թաքնված:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031