Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը». Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ

Դեկտեմբեր 08,2020 16:41

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:

Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար: Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններին Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է եւ ունի քաղաքական մեծ նշանակություն:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է:

Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ այս առումով կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձեւաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին:

Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերին եւ ամուր համագործակցությանը տարբեր մակարդակներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031