«Ընդհանրապես պատմությունը ցույց է տալիս, որ գրեթե միշտ այն իշխանությունները, որոնք արձանագրում են պարտություն, հայտնվում են նման պարտված կարգավիճակում, սովորաբար հրաժարական են տալիս»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցությունից օրերս դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական ներկայացնի, թե՞ ոչ: Նրա կարծիքով, գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության շրջանակներում:
Aravot.am-ի հարցին`թիմի ներսում քննարկումներ եղե՞լ են, իշխող ուժի մեծամասնությունն ի՞նչ կարծիք ունի`Նիկոլ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա, թե՞ ոչ, ինքը`Նիկոլ Փաշինյանը`ի՞նչ է մտածում, Գոռ Գեւորգյանը պատասխանեց, որ հարցերը վերաբերում են փակ քննարկումներին, որոնց մասին ինքն իրավունք չունի խոսել. «Ես ընդամենը կարող եմ ասել այն, ինչ արձանագրել եմ իմ հայտարարության մեջ`իմ կողմից առաջ են քաշվել իմ պատկերացրած թեզերը, եղել են տարաձայնություններ, հակասություններ եւ այդ հակասությունների արդյունքում ես նման որոշում եմ կայացրել»:
Թիմի ներսում իր կարծիքը կիսողների, բայց դա բարձրաձայնելու համարձակություն չունեցողների մասն հարցին նա չպատասխանեց:
Aravot.am-ի մյուս հարցին`դատելով նրանից, որ Ձեր առաջարկած օրակարգը անհամաձայնության է արժանացել, կարելի՞ է ենթադրել, որ թիմում փոքրամասնություն են կազմում այն մարդիկ, ովքեր կողմնակից են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին եւ սահմանադրական ճանապարհով հարցի հանգուցալուծմանը, Գոռ Գեւորգյանը պատասխանեց. «Չեմ ուզում ենթադրություններ, ինչ-որ դատողություններ անել, որովհետեւ ուզում եմ, որ իմ խոսքը հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կոնկրետ փաստը միայն այն է, որ ես ձեզ հիմա ասում եմ, որ ես առաջարկել եմ, քննարկվել է, քննարկվել է որքանով`չեմ կարող ասել`ինձ համար բավարարող կամ ոչ բավարարող սահմանների շրջանակում եւ ես արել եմ իմ քայլը, այդպիսով ցույց տալով, որ ես ունեմ սկզբունքային տարաձայնություն»:
Կարդացեք նաև
Գոռ Գեւորգյանն, ի դեպ, պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն կարծիքին, որ Գոռ Գեւորգյանն իր հեղինակության հաշվին չէ պատգամավոր դարձել, նրան հորդորեց`նայել նախընտրական այն հավաքներին, որոնք ինքն էր կազմակերպել 2018-ին:
Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալու որոշմանը, Գոռ Գեւորգյանն ասաց. «Ինձ համար կա մի առաջնահերթություն, դա ազգային պետական շահն է, հետո նոր իմ անձը: Այս պահի դրությամբ ես իմ հայտարարության մեջ եւս մեկ անգամ վերահաստատել եմ, որ ինձ համար համազգային համերաշխությունը, համախմբվածությունը, երկխոսությունը այն առաջնահերթություններն են, որոնց միջոցով կարող ենք դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ