Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Մերօրյա հերոսները. Ջանիկ Նազարյան
Արցախյան վերջին հերոսամարտում անմահացավ նաև Դեղագիտական ֆակուլտետի ուսանող Ջանիկ Արմենի Նազարյանը: Դեղագիտականում կյանքը հանուն հայրենիքի զոհած հերոսը սովորել է ընդամենը մեկ ուսումնական կիսամյակ, քննությունները հանձնել և 2020 թվականի հունվարին զորակոչվել է զինվորական ծառայության:
«Ջանիկ Նազարյանը կարգապահ, համեստ և խելացի ուսանող էր, այդպես են բնութագրում նրան ընկերները, այդպիսին ենք նրան հիշում մենք: Խորը ցավով տեղեկացանք, որ Ջանիկը հայրենիքին իր պարտքը կատարելիս զոհվել է: Ցավակցում ենք նրա ծնողներին, հարազատներին, ընկերներին: Ջանիկի և մեր բոլոր մյուս անմահացած հերոսների հիշատակը վառ կմնա մեր սրտերում»,- նշում է Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը:
Շատ է համալսարանականների ասելիքը Ջանիկի մասին:
Կարդացեք նաև
«Սիրում էր շատ հարցեր տալ, նույնիսկ դասի թեմայից դուրս: Անգամ նոր դասը սկսելուց՝ դեռ միտքս չավարտած, անհամբերությամբ հարցեր էր տալիս:
Ամեն անգամ ասում էի՝ Ջանի´կ, սպասի՛ր, դասը պատմեմ վերջացնեմ, հարցերիդ պատասխանը ընթացքում կստանաս, եթե ոչ՝ անպայման կպատասխանեմ: Ասում էր՝ լավ, ընկե´ր Սարգսյան: Մի քանի րոպե հետո նորից սկսում էր հարցեր տալ. արդեն սովորել էի ու որոշեցի հենց նույն պահին էլ հարցին պատասխանել: Երբ արդեն գիտեր, որ բանակ է գնալու, ժպիտը դեմքին ասում էր. «Ընկե՛ր Սարգսյան, հեսա կգնանք բանակ, հանգիստ կպատմեք Ձեր դասը, Ձեզ ընդհատող չի լինի»»,- պատմում է Բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոս Շուշանիկ Սարգսյանը:
Կուրսընկերուհու՝ Սաֆիյա Մադաթյանի համոզմամբ՝ Ջանիկը տարբերվում էր բոլորից իր առանձնահատուկ տեսակով։ Լավ է հիշում, թե ինչպես էին միասին անցյալ տարի այս օրերին ամանորյա նվերներ գնում խմբեցիներին ու քննարկում խմբով ինչպես կարող ենք նշել տոնը:
Մյուս կուրսընկերուհու՝ Նատալյա Ստեփանյանի գնահատմամբ՝ Ջանիկն իրենց 178 խմբի լուսավոր կետն էր, անսահման էր նրա բարությունը:
Ջանիկ Նազարյանը ծնվել է 2001թ. նոյեմբերի 29-ին Արմավիր մարզի Նորավան համայնքում։ Ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ):
«Քանի որ սովորում էր բժշկական համալսարանում մեկ ամիս եկել է Երևան վերապատրաստման, դարձել է սանհրահանգիչ և ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Ընկերները պատմում են, որ բազում զինվորների կյանքեր է փրկել մարտերի ժամանակ»,- ասում է քույրը՝ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Նազարյանը։
Հոկտեմբերի 3-ին վաշտի վիրավորներին առաջին բուժօգնություն է ցուցաբերել և դուրս բերել դիվերսիոն խմբի շրջափակումից։ Օրեր անց՝ հոկտեմբերի 21-ին, Ֆիզուլիի շրջանի պաշտպանական մարտերի ժամանակ զինակից ընկերներից մեկը վիրավորում է ստացել:
– Տղե՛րք, գնամ բերեմ,-ասել է Ջանիկը…
-Ջանի՛կ, վտանգավոր է, սպասի՛ր:
-Չէ, արնաքամ կլինի, ուր սպասեմ…
«Առաջին օգնություն ցույց տալու ընթացքում էլ կյանքով լեցուն, կյանքը սիրող եղբայրս վիրավորվում է հակառակորդի դիպուկահարի կրակոցից և անմահանում… Ընտանիքի միակ տղան էր, ես և քույրս մեծ ենք։ Նա մեր տան փոքրն էր ու շատ սիրված»,- ընդգծում է քույրը:
Ավագ քույրերի կրտսեր եղբայրը, չնայած տարիքին, խորհրդատու էր նրանց համար ու լավ ընկեր։ Միշտ կյանքով լի, ամեն պահի նոր բան սովորելու ձգտումով, կյանքից ամենալավն ու ամենադրականը վերցնող, մանրուքը տոն էր դարձնում ու այդ տոնը փոխանցում։
Մարիամի խոսքով՝ մարտերում հերոսի մահով ընկած եղբայրն օրինակ էր հավատալու, սիրելու, ապրելու, ոչ մի պահ չտրտնջալու ու կյանքին շնորհակալ լինելու։
Զինվորական ծառայությունից հետո Ջանիկը ծրագրում էր փոխել մասնագիտությունը՝ տեղափոխվելով Ստամատոլոգիական ֆակուլտետ: