Երեւանի տարբեր հատվածներում շարունակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները: «Նիկոլ, դավաճան», «Դավաճանին սատարողները նույնպես դավաճան են». «Նիկոլ Փաշինյան, դու ծախել ես մեր տղերքի արյունը»,- բարձրախոսով հայտարարում էր մասնակից ցուցարարներից մեկը: Ի պատասխան անցորդներից մի երիտասարդ աղջիկ ցուցարարներին նետեց. «Դավաճանը դուք եք»:
«Ասա, ջահել աղջիկ ես, ապագա ամուսինդ արդեն զոհվել է սահմանին, ո՞ւմ ես պաշտպանում»,-աղջկան արձագանքեց մի տղամարդ: Սադրիչների կողմից երբեմն փորձ էր արվում բախում հրահրել, սակայն ցուցարարներն իրար կոչ էին անում բախման չգնալ:
«Ոստիկանը մերն է»,-հայտարարվում էր բարձրախոսով: «Ոչ մի խնդիր չկա, բոլորիս ցավը նույնն է, դուք ձեր ծառայությունն եք կատարում, անփորձանք ծառայություն»,-ասաց մեկ այլ ցուցարար ու շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ երթն ուղեկցելու համար: Ցուցարարները իրենցից մեկի կոչով ծափահարեցին ոստիկաններին՝ ի նշան շնորհակալության:
«Մեր երեխաների արյունը չցամաքած՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջը տվեց թուրքին, ուղղակի աբսուրդ էր, որ առանց կռվի՝ մեր հայրենիքը տվեց, Նիկոլ հեռացիր…Իր տեղը նույնիսկ իմ երկրում չէ, մեր մի բուռ հողն էլ ափսոս է իրեն, եթե մտածում է, որ խիստ է սոսնձված այդ աթոռին, թող աթոռը վերցնի, գնա Իջեւանի քուչում նստի: Թուրքն իրեն հերոսի կոչում է տվել, մեզ նման ղեկավար պետք չէ»,-ասաց ցուցարար մի տիկին:
Կարդացեք նաև
Մեկ այլ ցուցարար հավելեց, որ մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան, եւ անհնազանդության գործողությունների մասնակիցների պահանջը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, այլ պատասխանատվության ենթարկվելը. «Մենք նահանջող տեսակ չենք, եթե տղաները կռվի դաշտում արկից չեն վախեցել, մենք մեր երկրի ներսում չենք վախենա հայից…Մեր գերիների, անհայտ կորածների հարցով զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը մատնված են տոտալ անգործության»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ