Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված կապիտանի կինը՝ հերոս ամուսնու, անմոռանալի մայրամուտի ու ռազմի դաշտից բերված հեռախոսի մասին

Դեկտեմբեր 08,2020 15:22

41-ամյա կապիտան Հովհաննես Մարկոսյանը մեկն է այն հայորդիներից, որ անմահացավ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Մարտական գործողությունների ժամանակ նա ծանր վիրավորում էր ստացել, սակայն նախ ընկերոջ կյանքն էր փրկել՝ նրան ճանապարհելով առաջին իսկ շտապ օգնության մեքենայով: Իսկ իր կյանքը փրկել չհաջողվեց:

Կապիտանի կինը՝ Հերմինե Ավալյանը չի համակերպվում հերոս ամուսնու՝ այլեւս իր կողքին չլինելու հետ: Aravot.am-ի հետ զրույցում Հերմինեն նշում է, որ վերջին անգամ նոյեմբերի 7-ին են խոսել հեռախոսով՝ դեպքից կես ժամ առաջ: Ասում է՝ շատ ընտանեկան մարդ էր ամուսինը, անգամ հեռվից հոգ էր տանում իրենց մասին. «Դեպքի օրը զանգեց, արկերի ձայնը պարզ լսում էի, շատ անհանգիստ էի, ինքն ինձ հանգստացրեց, թե մերոնք են կրակում, մի վախեցիր: Ու որպեսզի ավելի չանհանգստանամ՝ ասաց, որ շատ զբաղված է, պետք է գնա ու անմիջապես անջատեց: Ես հաշվում էի արկերի ձայնը: Դրանից 40 րոպե հետո դեպքը եղավ…»:

Ամուսնու մասին Հերմինեն խոսելիս ասում է, որ Հովհաննես Մարկոսյանը չափազանց երեխայասեր ու նվիրված մարդ էր. «Երեւի երկրորդ այդպիսի մարդ չգիտեմ… Բարեկամների, երեխաների հետ շատ ժամանակ էր անցկացնում, ինքը շատ քիչ ժամանակ էր ունենում ռազմական գործի պատճառով, բայց եղած ժամանակն անցկացնում էր երեխաների հետ, էլ ֆուտբոլ էր խաղում, էլ պահմտոցի…

Ես երեխաների հետ ավելի խիստ էր, ինքն ասում էր՝ մի դաստիարակի իմ երեխեքին, ինձանից ու քեզանից վատ երեխա չի կարող ծնվել, ասում էր՝ ազատ թող, ինքը գնահատում էր ազատությունը: Ընտանիքում ամեն մեկս մեր կարծիքն ունեինք, որը կարեւորվում էր, անգամ ընտանիքի ամենափոքր անդամի կարծիքի հետ էինք հաշվի նստում: Ցանկացած հարցի դեպքում, ինքը միշտ օպտիմալ լուծում էր գտնում, որ բոլորին բավարարի»:

Հերմինեն ասում է, որ երանելի օրեր էին, երբ ընտանիքով իրենց մեքենայով ճամփորդում էին, ամեն տարի հնարավորության սահմաններում Վրաստան էին գնում, այս տարի եւս երազում էին ընտանիքով ճամփորդել: Հերոսի կինը նշում է, որ ամուսինն իր ծննդավայր Ճամբարակը համարում էր աշխարհի կենտրոնը. «Այդ իմաստով էգոիստ էր, հայրենի հողը պաշտում էր, արտասահմանցի ընկերների հետ կենացներում էլ էր դա շեշտում»:

Կապիտանը երկու որդի ունի՝ ավագը 10 տարեկան է, կրտսերը՝ 6: Կինը մեծ ջանքեր է գործադրել, որ երեխաներին բացատրի, թե ինչու է զոհվել իրենց հայրը: Հերմինեն ասում է, փոքրը դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, իսկ ավագ որդին ճիշտ հոր կտորն է:

Հերմինեն ասում է, որ երբ տխրում էր, քանի որ Ճամբարակում բարեկամներ չուներ, ամուսինը միշտ ինչ-որ բան էր մտածում՝ տխրությունը փարատելու համար: Հիշում է հատկապես այն օրը, երբ էլի միայնակության զգացում ուներ, ամուսինը ձեռքից բռնեց ու ասաց, որ պետք է մեքենայով սար բարձրանան, իսկ ճանապարհը շատ նեղ էր ու վտանգավոր. «Երեկոյան 19:24 պետք է լինեինք այդ սարի գագաթին…Հարցնում էի՝ ի՞նչ կա այդ ժամին: Երբ տեղ հասանք, աչքերս փակեց, հետո ասաց՝ դե բաց արա՝ մայրամուտն այստեղից ամենագեղեցիկն է: Սեւանա լճի վրա էր այդ գեղեցիկ մայրամուտը: Ինքը բնության մեծ սիրահար էր: Այդ մայրամուտն ինձ համար մեծ արժեք ուներ»:

Հերոսի կինն Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ ռազմի դաշտից բերված ամուսնու հեռախոսն իր համար թանկ մասունք է: «Իսկ ընդհանուր առմամբ, ես իրեն իրերի մեջ չեմ փնտրում, անգամ ամուսնական մատանին ինձ համար ոչ մի արժեք չունի՝ առանց իրեն: Ուղղակի այդ հեռախոսը չափազանց շատ ինֆորմացիա է կրում իր հետ կապված, դրանով է թանկ»,-հավելում է նա:

Հովհաննես Մարկոսյանի եւ Հերմինե Ավալյանի ընտանիքի բարեկամ Էմմա Սարգսյանը եւս հուզմունքով է խոսում հերոս կապիտանի մասին, ասում է, որ Հովհաննեսի հետ նույն թաղում են մեծացել. «Ինքը շատ բարի, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր, շատ հումորով էր, ընկերասեր ու շատ լավ հայր էր իր զավակների համար: Նույն ջերմությամբ վերաբերվում էր նաեւ թաղի մյուս երեխաներին, երեխայասեր էր:

Այդպիսի հոր օրինակ ես քիչ եմ հանդիպել: Իսկապես բացառիկ հայր էր իր երեխաների համար, զբաղվածության պատճառով քիչ ժամանակ ուներ, բայց եղածն էլ երեխաների հետ էր անցկացնում: Կյանքով լի մարդ էր…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է հերոսի կինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031