Բացառված չէ, որ ծանրամարտը տեղ չգտնի 2024 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում: Պատճառը 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում մեծ քանակությամբ մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործած լինելն է, որոնք բացահայտվել են դոպինգ անալիզները կրկնակի ստուգման ենթարկելուց հետո: Եթե ՄՕԿ-ը, այնուամենայնիվ, որոշի ծանրամարտը հանել օլիմպիական մարզաձեւերի ծրագրից, դրա հետեւանքով շատ թանկ գին կվճարեն բազմաթիվ այն ծանրորդները, որոնք զերծ են մնացել խարդախություններից եւ դավանել են արդար ու ազնիվ պայքարին:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հիմա բավականին մեծ ջանքեր է գործադրում օլիմպիական ընտանիքում մնալու համար: Մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի գործկոմը այդ կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բրիտանացի Մայք Իրանին՝ հույս ունենալով իրականացնել ՄՕԿ-ի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ բարեփոխումներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ