Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազենային վնասվածքները ստացել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 08,2020 14:58
krakoc

2020 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 16:57-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչում: Նույն օրը՝ ժամը 17:17-ին, ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք»  ախտորոշմամբ իրենց է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ռազմական համալսարանի պատի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքին նմանվող հետքեր, ինչպես նաև՝ 25 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, 3 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ չկրակված 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 5.45մմ տրամաչափի չկրակված գնդակ, 1 հատ արնանման հետքերով փայտե մահակ և 1 հատ սպորտային սև գլխարկ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «АК 74» տեսակի ինքնաձիգ՝ 1 հատ փամփշտակալով` լիցքավորված 3 փամփուշտներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, դատանյութագիտական, դատագենետիկական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031