Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (մարտի 1-ի գործ) դեկտեմբերի 8-ի դատական նիստը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկապես օբյեկտիվ պատճառներ կա՞ն, որ նիստը հետաձգվում է, թե՞ ներքաղաքական իրավիճակից ելնելով, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այս բոլոր հետաձգումների հիմքերն այնպիսին են, որ ոչ մի կապ չունեն քաղաքականության հետ. բժշկության հետ կապ ունեն: Այսօրվա հետաձգման պատճառը նա է, եթե ճիշտ հասկացա դատավորի ներկայացնելուց, Միհրան Պողոսյանը դեռևս երեկ դիմում է գրել կամ միգուցե այսօր առավոտյան, որ կտրուկ ջերմությունը բարձրացել է և հիվանդացել է և բոլոր ախտանշաններն ունի հիվանդության: Մեզ առավոտյան հայտնի դարձավ՝ Արամ Վարդևանյանը զանգահարել է դատարան իմանալու՝ նիստ կլինի՞, թե՞ ոչ: Դատարանից ասել են, որ այսպիսի դիմում են ստացել: Հարցրել է՝ փաստաբանների գալը պարտադի՞ր է, քանի որ այսպես թե այնպես նիստը հետաձգվելու է, պատասխանել են՝ կարող եք նաև չգալ, նայեք ձեր հայեցողությանը»:
Հայկ Ալումյանը հայտնեց՝ որոշել է ներկա լինել, որ եթե հանկարծ դատարանն այլ բան որոշի, կարողանան շատ շտապ իրենց պաշտպանյալի հետ ներկա գտնվել:
Հիշեցմանը՝ դատավարության հենց սկզբից նշվում էր՝ սա ավելի շատ քաղաքական հետապնդում է, քան իրավական, Հայկ Ալումյանն այսպես արձագանքեց. «Հետապնդումը միանշանակ քաղաքական է, քաղաքական հետապնդման տերմինն ինքն իրենով ոչ թե քաղաքական, այլ իրավաբանական տերմին է: Իրավաբանների համար նախատեսված ձևակերպում է այն պրոցեսների, որոնք արտաքինից թվում է, թե իրավական դաշտում են, բայց իրականում ունեն քաղաքական ենթատեքստ: Այս հետապնդումը քաղաքական է: Պիտի մարդ այս գործից անտեղյակ լինի կամ ուղղակի չուզի ամեն ինչը տեսնել, որ կարծի հակառակը, բայց դա չի նշանակում, որ հետաձգումն էլ է քաղաքական բնույթի: Հետաձգումները ամենաքիչը պաշտպանական կողմին են ձեռնտու»:
Կարդացեք նաև
Լրագրողները հիշեցրին՝ նշվում էր նաև, որ այս հետապնդումը տեղի է ունենում արցախյան հարցը լուծելու համար, այս առիթով Հայկ Ալումյանն ասաց. «Այն, որ դրա տակ կար հստակ քաղաքական ենթատեքստ, ակնհայտ էր առաջին իսկ պահից, իսկ այդ քաղաքական պատճառները, թե որոնք են, որ քաղաքական և ում քաղաքական շահից ելնելով է, այս ամենը տեղի ունենում, դա կարծում եմ փաստաբանների գնահատման խնդիրը չէ. սա արդեն քաղաքական բաղադրիչն է, որ ձեզ կարող են վերլուծել և ասել քաղաքական գործիչները»:
Դիտարկմանը՝ երկու տարվա ընթացքում չենք հիշում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները փաստարկ բերեին արցախյան հիմնախնդրի հետ կապված, Հայկ Ալումյանն արձագանքեց. «Պաշտպանները երբեք չեն ասում, թե քաղաքական հետապնդման մեջ կոնկրետ ինչ քաղաքական շահ կա, ինչի մասին է քաղաքական շահը: Մենք կարող ենք հստակ ձևակերպել, հիմնավորել, որ այստեղ կա քաղաքական հետապնդում, բայց քաղաքական կոնկրետ ինչ ձգտումներ ունեն, որտեղից եկան, դա փաստաբանի ասելիքը չէ. փաստաբաններն այդ ուղղությամբ վերլուծություններ չեն անում: Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները կհիշեք, որ ես, լինի բանտում, թե դրսում, ամեն ինչ անելու եմ, որ խոչընդոտեմ Արցախը հանձնելուն: Իսկ մնացածը հորդորում եմ հարցնել անձամբ պարոն Քոչարյանին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ