Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապշեցնող է այն արտասովոր դիմադրողականությունը, որը ցուցաբերում է Արցախի բնակչությունը. նրանք արդեն սկսել են վերակառուցման աշխատանքները ՝ առանց դժգոհության և ամենայն արժանապատվությամբ». Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամներ

Դեկտեմբեր 08,2020 14:11

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամներն այցելեցին Արցախ: Մեկնաբանելով պատվիրակության այցը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Պատերազմի ընթացքում Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանի այցից և Բելգիայի Խորհրդարանի՝ ադրբեջանական բանակն Արցախից անհապաղ հեռացնելու կոչից և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկությունից հետո, Բարեկամության խմբի այս այցը ևս մեկ ազդեցիկ քայլ է մեր բելգիացի ընկերների կողմից՝ ի աջակցություն պատերազմի հետևանքների զոհ դարձած Արցախի հայ բնակչությանը: Հուսով ենք, որ այս աջակցությունը նյութական օժանդակության կդարձնենք՝ փոքր-ինչ բարելավելով Արցախի ժողովրդի

Պատվիրակության անդամները նաև ականատես եղան Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի ծննդատանը հասցված վնասին, ինչպես նաև  Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների՝ ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերին: Մասնակիցները նաև զգացական զրույց ունեցան Հայաստանից վերադարձած փախստականների և Հադրութից ու Շուշիից ներքին տեղահանվածների հետ:

Պատվիրակությունը հանդիպեց նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, որն ապացույցներ տրամադրեց և մանրամասն ներկայացրեց միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները ադրբեջանական բանակի կողմից, վերջինիս իրականացված ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ արգելված զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների և բնակելի տների ուղղությամբ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության, փախստականների վերադարձի, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձը դիտավորյալ հետաձգելու, և ադրբեջանական բանակի տիրապետության տակ մնացած զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հարցեր:

Ականատես լինելով այն փաստին, որ արցախցիները իրականացնում են փողոցների ամբողջական մաքրման աշխատանքներ և ռմբակոծությունների հետևանքների վերակառուցում, ինչպես նաև տուժած դպրոցների բարեկարգում, Բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բուսն ասաց. «Երկու երևույթ մեզ խիստ տպավորեց: Նախ ՝ տեղահանված ընտանիքների ապրած ողբերգությունը. ոմանք դեռ լուր չունեն իրենց հորից, ամուսնուց կամ որդուց, նրանց համար ապագան անորոշ է և մութ: Մյուս կողմից՝ այն արտասովոր դիմադրողականությունը, որը ցուցաբերում է Արցախի բնակչությունը. նրանք արդեն սկսել են վերակառուցման աշխատանքները ՝ առանց դժգոհության և ամենայն արժանապատվությամբ»:

Դեկտեմբերի 3-ին Արցախ ժամանելուց հետո պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մի շարք քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Արցախի արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, Ազգային ժողովի՝ Բելգիայի հետ բարեկամության խմբի պատգամավորների, ինչպես նաև պատերազմի ընթացքում լուրջ ավերածությունների ենթարկված Մարտունի քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ՝ որպես հակամարտության խաղաղ և տևական լուծման միակ միջոց, որը կերաշխավորի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը: Պատվիրակությունը նաև իր աջակցությունն առաջարկեց պատերազմից մեծապես տուժած դպրոցի վերակառուցման աշխատանքներում:

Պատվիրակությանն ուղեկցեցին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը և Բելգիայի Հայ դատի հանձնաժողովի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսեանը:

Պատվիրակության հիմնական նպատակն Արցախի ժողովրդին իրենց աջակցության և բարեկամության հավաստումն  էր՝ ագրեսոր Ադրբեջանի և նրան սատարող Էրդողանի Թուրքիայի և վարձկանների կողմից Արցախին պարտադրված ավերիչ պատերազմից հետո: Բարեկամության խմբի պատվիրակության անդամներն էին Բյուսելի խորհրդարանի պատգամավոր Էմանուել Դե Բոկը, Ժեթ համայնքի քաղաքապետ Էրվե Դուայենը, լրագրող, նախկին սենատոր Ժոզի Դուբին, Բրյուսելի խորհրդարանի նախկին նախագահ Ժուլի դը Գրոտը և նախկին սենատոր, Արցախի հետ բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բուսը: Պատվիրակության անդամները խորը վշտով ականատես եղան Արցախի հայ բնակչության դեմ թուրք և ադրբեջանա ագրեսիայի ցավագին ու կործանարար հետևանքներին:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները դեկտեմբերի 2-ից 6-ն այցելեցին Հայաստանի Հանրապետություն և Արցախ:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031