Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ երեկոյան համացանցում տարածված ձայնագրությունից տպավորություն չի ստացել, որ Իլհամ Ալիեւը Սերժ Սարգսյանին կաշառք է առաջարկել`ազատագրված յոթ շրջանները վերադարձնելու դիմաց:
«Ես այդ նյութից այդպես չեմ հասկացել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, երեկ երեկոյան, համացանցում սկանդալային ձայնագրություն հայտնվեց, որում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են Արցախի հարցի թեման: Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առաջարկում է վերադարձնել այդ յոթ շրջանները եւ փոխանցում, որ Իլհամ Ալիեւը նրան դրա դիմաց, առաջին փուլի համար, հինգ միլիարդ դոլար կվճարի: Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ պատրաստ է Ալիեւին վեց միլիարդ տալ, որպեսզի վերջինս հրաժարվի այդ տարածքներից:
Ի դեպ, երրորդ նախագահի գրասենյակը, հայտարարություն է տարածել այդ առիթով`ձայնագրությունն ընդունելով, որպես փաստ, բայց մեկնաբանություններից զերծ մնալով, քանի որ փակ հանդիպման ժամանակ տեղի ունեցած նախագահների խոսակցության մասին է խոսքը:
Կարդացեք նաև
«Ես այդ տեսանյութը «սեյվ» եմ արել, կարծում եմ հանձնաժողովի համար քննության լավ առարկա է»,- ասաց Էդմոն Մարուքյանը`հավելելով, որ իրենք հիմա աշխատում են պարիտետային հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որտեղ կլինեն խորհրդարանական և արտախորհրդարանական ուժեր, որոնք սեպտեմբերյան պատերազմի հավասարակշիռ քննություն կիրականացնեն: «Մի քիչ սպասեք, դեռ սերիաներ էլ են լինելու, որոնք հերթով կքննվեն հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:
Հարցին` արդյոք Նիկոլ Փաշինյանին էլ նման առաջարկ արված չի՞ լինի Ալիեւի կողմից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք կարող ենք մեզ թույլ տալ ամեն ինչ մտածել: Այնտեղ (քննիչ հանձնաժողով-Ն. Գ.) պիտի կանչվի եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը, եւ յուրաքանչյուրը պիտի պատմի, թե ի՞նչ է առաջարկել Ալիեւը, որի մասին մենք չենք իմացել: Այդ գումարն անձամբ առաջարկվել է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Հայաստանին… Բազմաթիվ հարցեր կան»:
Դիտարկմանը` ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով էլ ստեղծվեց, որն այդպես էլ հաշվետվություն չտվեց, Էդմոն Մարուքյանը արձագանքեց. «Հիշեցնեմ ձեզ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց փաստահավաք խումբ, հետո Սարգսյանը տեսավ, որ շատ բաներ են ոնց որ բացահայտում, էդ խումբը, փակեց: Բայց այսօրվա Մարտի 1-ի քրեական գործի հիմքում դրված են փաստահավաք խմբի նյութերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ