«Վերջերս ԱԱԾ-ն տարածեց ձայնագրություն, որը բացահայտում էր ահաբեկչական գործողության մտադրություն: Այդ ձայնագրության մասնակից նախկին պաշտոնյաներ, հիմնականում՝ քաղաքական եւ պետական կարեւորության գործիչներ, բերման ենթարկվեցին: Հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորներին ուղղված «մարտակոչը» եղավ, թե նրանք ինչ պետք է անեն տվյալ եւ հարակից գործերով: Գնահատականներ եղան, որ Վարդազարյանի հայտարարությունը քաղաքական է: Գնահատեք այդ հայտարարությունը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ բացասական վերաբերմունք ունի այդ հայտարարության վերաբերյալ. «Կարծում եմ՝ անգամ դատավորների շրջանում դա միանշանակ չի ընկալվել: Պարոն Վարդազարյանը պարզաբանում պետք է ներկայացնի, որ դրանում չկա քաղաքական ուղղվածություն, մինչդեռ առաջին տպավորությունը հենց քաղաքական էր: Շատ բացասական եմ վերաբերվում այդ հայտարարությանը: Ցավոք, ընկալում կա, թե արդարադատության նախարարն է դատավոր նշանակում կամ ազատում, բայց հիշեցնեմ, որ ինձ կարելի է հարցադրումներ ուղղել, թե ինչ ենք պատրաստվում անել ռազմավարության առնչությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ