Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների հարազատներ․ «Ասում են՝ նռնակներ չենք տվել, որ ավտոբուսում չխաղան»

Դեկտեմբեր 08,2020 13:22

Անհետ կորածների հարազատները դեկտեմբերի 8-ին հավաքվել էին Էջմիածնի զորամասի դիմաց։

Նրանք ցանկանում էին տեղեկատվություն ստանալ, թե ի՞նչ է պատահել իրենց` անհետ կորած հարազատների հետ։ «Մենք պահանջում ենք, որ նրանք գործեր անեն։ Օդի մեջ անընդհատ պատասխանելով, երկու օր սպասելով, փափուկ բարձ դնելով չի։ Մեզ պետք է, որ նրանք աշխատանք կատարեն, որ մեր երեխեքին՝ գերության մեջ են, մահացած են, բերեն տան մեզ։ Մենք դա ենք ուզում»։

Հարազատները հանդիպում էին ունեցել պաշտպանության նախարարությունում, սակայն իրենց խոսքերով ոչ մի փոփոխություն չի եղել։

Մանյա Մելոյան

Մանյա Մելոյանը, որի ամուսինն էլ է անհետ կորել, նշեց․ «Ասացին՝ մենք այս պահին աշխատում ենք։ Կարծեմ՝ ծառայողական քննություն է գնում էստեղ։ Ասացին՝ ամենաուշը երկու օրվա ընթացքում ձեզ տեղեկություններ կհայտնենք։ Բացի այն, որ մենք գիտենք, որ տվյալ տարածք նոր պետք է մուտք գործվի, բայց մենք ուզում ենք իմանալ՝ վերջը մեր տղաները ինչի՞ համար գնացին մատաղ եղան, ո՞ւմ համար։ Ո՞վ ինչ ակնկալիք ուներ, որ նման գործողության են ուղարկել իրենց ոչ խոհեմ քայլով։ Բոլորովին այլ ուղղությամբ են գնացել։ Մենք չիմանա՞նք մեր տղաների հետ ինչ եղավ։ Մենք գիտենք, որ տարածքը չեն թողնում, բայց 50 օրվա ընթացքում ոչ մեկ մեզ չի բացատրում, թե վերջը ի՞նչ եղավ»։

Հարազատներին ՊՆ-ից հայտնել են, որ փաստերը հավաքագրվել են, հիմա համադրման փուլն է։ Եվ եթե երկու օրերի ընթացքում իրենց չխանգարեն, իրենք կաշխատեն և պատասխան կտան։

«Այդ երկու օրը դարձել է յոթ օր։ Ու այս 50 օրվա ընթացքում մենք ոչ մի կիրթ, նորմալ բացատրություն չենք ստացել»,- ասում է Մանյա Մելոյանը։

Մերի Սուքիասյան

Մերի Սուքիասյանն էլ սպասում է իր եղբոր մասին տեղեկությունների․ «Զինվորները չկան, բայց վերադաս մարմինը կա։ Էդ ո՞նց է լինում։ Ասում ենք՝ իրենց մոտ նռնակներ կա՞ն, ասում են՝ ո՛չ չենք տվել։ Այսինքն՝ չեք տվել, ինչի՞ համար չեք տվե՞լ, ասում է՝ չենք տվել, որ ավտոբուսում հանկարծ չխաղան, իրենց չվնասեն։ Դա ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ տեսակ մարտական գործողության են գնում զինվորները, որ միայն АкМ է, այսինքն՝ երեխաների եք տարե՞լ։ Այն դեպքում, որ տղաները վերապատրաստվել են Չինաստանում, Ռուսաստանում, այստեղ՝ Արմավիրի մարզում։ 10-ավարտ տղաներ չէին ի վերջո, տարիների փորձ ունեին։ Նման պատասխան մեզ տալիս է Մալխասյան Կամոն»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031