«Երեկ մինչեւ կեսգիշերն անց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի, արդարադատության փոխնախարարի եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ աշխատում էին ԼՀԿ-ի ներկայացրած՝ ԱԺ-ի ուղերձի տեքստի վրա, որը նամակ է միջազգային լսարանին՝ գերիների եւ պահվող անձանց վերադարձի մասին»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր ԱԺ-ում քննարկել հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց խնդիրը, սակայն «Իմ քայլի» նախաձեռնությամբ եւ քվեարկությամբ՝ հաստատվեց քննարկման փակ ձեւաչափը:
ԼՀԿ-ն իշխող խմբակցությանը մեղադրեց քննարկումը տապալելու եւ քվեարկությունը կեղծելու համար:
Կարդացեք նաև
Մարիա Կարապետյանը, դառնալով նախորդ օրը գերիների խնդրի քննարկման հարցով ԱԺ խորհրդի նիստին՝ շարունակեց. «Դա ազդակ էր, որ «Իմ քայլը» կողմ է քվեարկելու ուղերձի տեքստին, եւ եթե ԼՀ-ն իսկապես շահագրգռված լիներ միջազգային դերակատարներին այդ ուղերձը փոխանցելով, պետք է համաձայներ նիստի փակ ձեւաչափին: Սակայն, ԼՀ-ի հաշվարկներով, այդ դեպքում կկորեր ներքաղաքական դիվիդենտ շահելու հնարավորությունը: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է՝ վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն»:
Ապա Մարիա Կարապետյանը զրպարտություն որակեց ԼՀ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդումը, թե «Իմ քայլը» կեղծել է քվեարկությունը:
Ինչ վերաբերում է ԼՀ-ի պնդմանը, որ քննարկումն իրականացվի բաց եւ հանրությանը հասանելի ձեւաչափով, Մարիա Կարապետյանը շեշտեց՝ եթե պատասխանատու պաշտոնյան ԱԺ ամբիոնից հնչեցնի գերիների պաշտոնական թիվը, հնարավոր չի լինի աշխատել մյուս կողմի հետ՝ ամբողջական ցուցակը կազմելու հարցում. «Սա էլ պետք չէր ասել, բայց ստիպված ասացի՝ ցույց տալու համար, թե որքան զգայուն է հարցը եւ թե որքան ճիշտ է այդ քննարկումը փակ անցկացնելը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ