Եթե մեզ թվում է, թե տեղի ունեցածը դեպքերի կամ երկնքում աստղերի անհաջող դասավորության արդյունք է, կամ մի քանի հոգու չարամիտ գործունեության հետեւանք՝ դա նշանակում է, որ մենք պատրաստ չենք ճշմարտության հետ առերեսվելու։
Նպատակ չունեմ տեղի ունեցածի պատճառները երկար-բարակ շարադրել եւ հիմնավորել, բերել դրա ժամանակագրությունը, մանավանդ երբ գոնե իմ սերնդակիցներից քաղաքականության հետ ավել կամ պակաս առնչվող հատվածը ամեն ինչն էլ գիտի, թե ինչն ինչպես եւ ինչից հետո տեղի ունեցավ։
Այնուամենայնիվ, մի քանի արձանագրումներն անհրաժեշտ են հետագայի համար, հատկապես տեղի ունեցածի մասշտաբները պատկերացնելու համար։
Մենք մսխեցինք մեր ռազմական հաջողությունները, որոնք այդպես էլ չկարողացանք վերածել ո՛չ հաղթանակի, ո՛չ էլ արժանապատիվ խաղաղության։
Կարդացեք նաև
Պարտվեց մեր պետությունը՝ այն պետությունը, որը ստեղծվել էր 1991թ. եւ դրանից չորս տարի հետո սկսեց ձեւախեղվել, բովանդակազրկվել եւ օտարվել մեզանից, դադարել էր պաշտպանել մեզ, իսկ մենք էլ դադարել էինք պաշտպանել այդ օտարված պետությունը, մի բան էլ մտածում էինք, թե ինչպես պաշտպանվենք։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Գիտենք, որ շատ պարզ. մեզանից ընդամենը գողացան ընտրությունները, սկսած 1995-ից մինչեւ 2017, եւ մեր հավաքական մենքը դա հանդուրժեց, իսկ մնացածն արդեն ածանցյալ էր։
Պարտվեց այն փիլիսոփայությունը, որ մեր բանակը «մեր անվտանգության միակ երաշխիքն է», չհաշված «հայ-ռուսական դարավոր բարեկամությունը»։ Դա ավելի քան քառորդ դար մեզ մի աներեւակայելի անհոգություն էր հաղորդում, որ մեզ թվում էր, թե մենք կարող ենք մեզ թույլ տալ երկիրը հանձնել մեր դաշնակցին, իսկ մեզանից «շնորհքովները» կարող են գնալ ռուսաստաններ կամ այլուր եւ «այնտեղից օգնել», չէ՞ որ «բոլորս հայ ենք, ի՞նչ տարբերություն, թե ով որտեղ է ապրում», չէ՞ որ մեր կարգախոսն էր «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը», չհաշված զեղումները «համաշխարհային ազգի» կամ «գլոբալ ազգի» մասին։
Պարտվեց նաեւ այդ «դարավոր բարեկամությունը», որը ցույց տվեց, որ Արցախի գլխին կախված վտանգի պարագայում մեր դաշնակիցը «պարտավորություններ չունի», մի բան էլ կարող են մեզ կշտամբել, թե «պատշաճ կերպով բարեկամություն չենք արել», «չենք արժանացել ավելի լավ վերաբերմունքին» եւ այլն։ Պարտվեց «դարավոր բարեկամի» զենքը, նրա տեխնոլոգիան, ռազմական եւ ոչ միայն, նրա մտածողությունը եւ աշխարհայացքը։ Պարտվեց մեր քաղաքական դաշտի մեծամասնության այն հույսը, թե կարեւորը «Մոսկվան մեզ հետ է», մնացածն անցողիկ է։
Պարտվեց այն մտայնությունը, որ «կարեւորը՝ պատերազմ չլինի, լինելուց՝ Մոսկվան մեզանից երես չթեքի, կարեւորը՝ Արցախը մերն է», սակայն Հայաստանի Հանրապետության կարեւորագույն ակտիվները հերթի դրված անցնում էր Ռուսաստանին՝ որեւէ մեկին չէր հուզում, իսկ այդ թեմայով խոսելիս՝ խոսողը մեղադրվում էր «դարավոր բարեկամության մեջ սեպ խրելու մեջ»։ Ահա այսպիսի՝ անարժանապատիվ, գռեհիկ եւ հակապետական մտածողությունը պարտվեց։
2018-ից թե՛ հետո, թե՛ նաեւ դրանից առաջ՝ մեր գլխավոր պատճառաբանությունն էր՝ «իսկ մեր անվտանգությո՞ւնը», երբ աչքներս փակ կուլ էինք տալիս անկլլելին, միայն թե «բան չպատահի»… դա էլ պարտվեց, քանզի «պատահեց»։
Կյանքը, որն ընթանում էր մինչեւ սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ ավարտվեց, այժմ նոր իրողություններ են, որոնք դեռ պետք է ընկալվեն եւ վերաիմաստավորվեն։ Սակայն դրա համար պետք են ոչ թե գոռգոռոցներ եւ զազրախոսություն հրապարակներում, ընդ որում, որոշ առումներով նաեւ՝ խնդրահարույց ՔրՕր-ի տեսակետից, այլ ազնիվ խոսակցություն։ Այն խոսակցությունը, որին մենք այդպես էլ ընդունակ չեղանք 90-ականներին, երբ ռազմական հաջողությունները բանակցությունների արդյունքում ամրագրելուն ձգտողներին անվանեցինք «հող տվողներ», իսկ դրան խոչընդոտողներին՝ իբր «չտվողներ»։
Այժմ դա արդեն անցյալ է, եւ առաջ գնալու համար է պետք այդ ազնիվ խոսակցությունը։ «Չոր մնացորդում» մենք ունենք ազատ եւ անկախ պետություն, 2018-ի ազատ եւ արդար ընտրությունների փորձ, համատարած անհանդուրժողականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոների նկատմամբ եւ, ամենակարեւորը՝ գիտակցում, որ դա այն «բազային նվազագույնն» է, որն անհրաժեշտ է առաջ գնալու համար։ Մոռացեք «դարավոր» կամ այլ տիպի «բարեկամներին», մենք չունե՛նք բարեկամ, մենք ունենք շահեր եւ գործ ունենք գործոնների եւ այլոց շահերի հետ, ընդհանուր առմամբ։ Դա լավ է այնքանով, որ հաստատապես մեզ ձերբազատում է խաբկանքներից եւ մոբիլիզացնում է մեր ոգին։
Իսկ այսօր անհրաժեշտ է ռազմագերիներին տուն վերադարձնել, վիրավորներին բուժել, փախստականներին տեղավորել, անհայտ կորածներին գտնել, դեռ չճանաչված զոհվածներին պատվով հանձնել հողին, դուրս գալ շոկից եւ սգից, ուղղել մեջքը եւ քրտնաջան աշխատել, աշխատել եւ աշխատել։ Մեր մեջի հավաքական վճռական մենակը պետք է շարունակի իր ուղին։ Աստված օգնական բոլորիս։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.12.2020