ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձի խնդրով խորհրդարանում հրատապ քննարկումն անցկացնել փակ նիստում:
Մինչեւ առաջարկն այսօր ԱԺ նիստում քվեարկության դնելը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Քանի որ հարցը շատ զգայուն է եւ առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին, եւ քանի որ օր առաջ կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները զբաղվում են, որպեսզի նրանք շուտափույթ վերադառնան, նրանց անվտանգությունից եւ այս գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝ «Իմ քայլի» պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի քննարկումը տեղի ունենա փակ»:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ իր հերթին հայտարարեց. «Մենք նախաձեռնել ենք ռազմագերիների հարցով քննարկում եւ ուղերձի ընդունում, որը քաղաքական նկատառում չի պարունակելու: Երեկ «Իմ քայլը» խմբակցության՝ ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ուղերձի քննարկումն ԱԺ խորհրդի նիստում, որտեղ պարզվել է, որ չեն կարող տապալել, եւ հարցը պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են փորձել տապալել, որովհետեւ չեն ուզեցել, որ մենք ելույթ ունենանք այս թեմայով: Երբ հասկացել են, որ հարցը պարտադիր պետք է քննարկվի, որոշվել է փակ անել: Մեր համոզմամբ՝ փակ քննարկում անելն անիմաստ է: Գործընկերներիս կոչ եմ անում ձեռնպահ մնալ քննարկումը փակ անցկացնելու նախաձեռնությունից: Պատգամավորներն իրենց ելույթներով չեն վնասելու ռազմագերիների խնդրին, հակառակը՝ կհնչեցվի ի լուր աշխարհի եւ միջազգային կառույցների, որ ռազմագերիներին օր առաջ պետք է վերադարձնել»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ շեշտեց. «Թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, նաեւ՝ սպառնալ մեր ռազմագերիների անվտանգությանը, ազդել ժամանակի վրա եւ բացասական հետեւանք թողնել գործընթացի վրա: Կարծում եմ՝ քաղաքացիները եւ պատգամավորները գիտակցում են, որ ի լուր աշխարհի խնդիրը բարձրաձայնելու համար պարտադիր չէ, որ լսումները նաեւ ի լուր մեր թշնամու լինի: ԱԺ-ի կողմից հայտարարություն կընդունվի եւ կուղարկվի միջազգային կառույցներին: Եթե պատգամավորները բան ունեն ասելու, ինչպես պարոն Մարուքյանը նշեց, կարող են ասել հայտարարությունների ժամին եւ ողջ պատասխանատվությունը վերցնել իրենց վրա»:
Լիլիթ Մակունցն էլ հավելեց՝ եթե տապալելու նպատակ ունենային, քվորում չէին ապահովի խորհրդի նիստում. «Մենք չունենք նման ցանկություն: Եթե ունենայինք, մինչեւ գիշեր չէինք աշխատի տեքստի վրա: Թեման պետք է քննարկել՝ առանց վնասելու գերիներին եւ նրանց ընտանիքներին»:
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նկատեց՝ այս քննարկումը ենթադրում էր, որ պատկան մարմինները զեկուցելու են, թե ինչ են արել. «Պետք է ասեին ոչ միայն մեզ, այլեւ հանրությանը: Փակելով քննարկումը՝ փորձում եք վախեցնել քաղաքացիներին: Հերիք է խաբեք ու վախեցնեք քաղաքացիներին ձեր ստերով»:
Ապա Լիլիթ Մակունցը քսան րոպե ընդմիջում խնդրեց, քանի որ իրենց պատգամավորների մի մասն ուշացել է: Ընդմիջումից հետո քվեարկության դրվեց հայ ռազմագերիների վերադարձի խնդրով քննարկումը փակ ռեժիմով անցկացնելու «Իմ քայլի» առաջարկը, որին «կողմ» քվեարկեց 68, եւ դեմ՝ երկու պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ. Գ. Էդմոն Մարուքյանը ՖԲ էջում մասնավորապես գրել է. «Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»: