Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է ցույց տա՝ ինքը կարողանո՞ւմ է հաղթել մեկ մարդու. «Փաստ»

Դեկտեմբեր 08,2020 11:34

Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ի կեսօր հրաժարական տալու վերջնագիր տվեց: Վերջինս գոնե երեկվա դրությամբ հեռանալու մտադրություն չուներ, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ «ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնելն» անթույլատրելի են համարում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ Հայաստանում այս պահին գոյություն ունեցող իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է այն իրավիճակից, որը կար նախապատերազմական Հայաստանում: «Պատերազմը բազմաթիվ փոփոխություններ մտցրեց: Առաջին փաստը հետևյալն է. գործող իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, և այս պահի դրությամբ իրենք այլևս քաղաքականապես լեգիտիմ չեն:

Այն, ինչ ստորագրել են, կապիտուլյացիա էր, և հետագայում իշխանություն ունենալու համար, բնականաբար, պետք է վստահության քվե ստանան. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած լեգիտիմությունն այս պահի դրությամբ քաղաքականապես այլևս գոյություն չունի: Այո, դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հենց քաղաքական լեգիտիմություն ունենալ, որն այս պահի դրությամբ իշխանությունները չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Շեշտելով արդեն ընդդիմության և հասարակության մրցունակության մասին՝ նա ընդգծեց. «Հարցն այն է, թե կարո՞ղ են քաղաքական տեսակետից անգրագետ պատգամավորներին ստիպել շարժվել հօգուտ Հայաստանի, թե՞ ոչ: Ընդդիմությունը պետք է ցույց տա՝ ինքը կարողանո՞ւմ է հաղթել մեկ մարդու, որովհետև եթե կառավարության գործող ղեկավարին չկարողացավ հաղթել, մրցունակ չեղավ, բնականաբար, հետագայում, իշխանության գալով, չի կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերում խոսել հավասարը հավասարին կարգավիճակում: Եթե մրցունակ եղավ, կարող ենք ենթադրել, որ հաջողություններ կարող է ունենալ: Մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է հանձնի այդ քննությունը:

Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները կմնան իշխանության գլխին այնքան, քանի դեռ հասարակությունն իր տարբեր գործիքների միջոցով ճնշում չի գործադրել, չի ստիպել Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց ձեռնարկել ինչպես «Իմ քայլը» խմբակցության, այնպես նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին: ԼՀԿ-ն, իբրև թե, վարչապետի իր թեկնածուն ունի: Ներկա քաղաքական իրավիճակը գնահատելով՝ դա ծաղր է հասարակության նկատմամբ: Ենթադրում եմ, որ սա ընդամենը քաղաքական առևտրի մաս է: Իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ, մեծ հաշվով, հասարակությունն ուղղակի չի ստիպել հեռանալ: Եթե հաջողվեց դա անել, ուրեմն հասարակության մրցունակության ցուցիչը կլինի: Եթե չհաջողվեց, ուրեմն դրանից բխող իրողությունը կընկալվի ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Դրանից հետո ցանկացած գործողություն ցանկացած ձևով կարող են իրականացնել, օրինակ՝ Ադրբեջանը կարող է փորձել սահմանները հօգուտ իրեն ձևավորել»:

Արմեն Բադալյանը չի կիսում այն կարծիքները, թե Ն. Փաշինյանի հրաժարականն արդեն այս փուլում ընդամենը տեխնիկական հարց է: «Նման կարծիքներից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ն. Փաշինյանն արդեն հրաժարական տված է, պարզապես սպասում է Հրայր Թովմասյանը կողքը լինի, որ մի գրիչ վերցնի ու այդ թուղթը ստորագրի: Ոչ, ամենևին տեխնիկական հարց չէ: Սա լուրջ քաղաքական հարց է: Եվ առաջին հերթին պետք է հասնել հրաժարականին, վարչապետի փոփոխմանը, որ հետագայում հնարավոր լինի Հայաստանի զարգացման, բարեփոխումների ծրագիր բերել, ապագա տեսլական կառուցել, որովհետև մի բան, ամեն դեպքում, պարզ է. այս իշխանություններն այլևս ոչինչ չեն կարող անել, Փաշինյանի գլխավորությամբ՝ այս իշխանություններն ընդհանրապես գաղափար չունեն երկրի զարգացման ծրագրերից, չեն հասկանում, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի: Սա է պատճառը, որ պետական ամբողջ ապարատը պարալիզացված է:

Չգիտեն՝ ինչ անել, իսկ սա իր հերթին նշանակում է, որ գործող իշխանությունն արդեն արգելակում է Հայաստանի զարգացումը և աշխատում ի վնաս Հայաստանի: Հիմա Ն. Փաշինյանը մի խնդիր ունի՝ միայն թե վարչապետ մնա՝ անգամ ռեպրեսիաներով, մոռանալով նաև այն բոլոր արժեքները, որոնց մասին խոսում էր: Անկախ ամեն ինչից, նպատակն է ոստիկաններով շրջապատված մնալ կառավարական ամառանոցում ու այնտեղ պաշտոնը զբաղեցնել այնքան, մինչև ժամանակ ձգի ու հետո նորից փորձի վարչապետ դառնալ: Իր խնդիրն ամեն գնով պաշտոնին մնալն է, բայց հարցն այն է, որ իր՝ ամեն ժամ պաշտոնին մնալն արդեն Հայաստանի դեմ է աշխատում: Օրինակ՝ ադրբեջանցիները սահմաններն արդեն հօգուտ իրենց են գծում: Սահմանազատման աշխատանք է տեղի ունենում, ու իշխանությունն իր հետ կապված որևէ գործողության չի մասնակցում:

Սահմանների գծման աշխատանքները գյուղապետերի մակարդակով են իրականացվում, Սոթքի հանքի հետ կապված էլ սեփականատերն է բանակցություններ վարում: Այսինքն, մեր համայնքներից յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում: Սա, մեծ հաշվով, պետության վերացման գործընթաց է, որը չի հետաքրքրում Ն. Փաշինյանին: Իրեն միայն ամեն գնով աթոռին մնալն է հետաքրքրում»,-նկատում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում խնդիրը լավը կամ վատը չէ: «Խնդիրն այն է, որ այլևս անելիք չունեն ու պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել: Մեզ մոտ տնտեսական իրավիճակը գնալով ծանրանում է, ձեռնարկությունները չեն աշխատում. Ռուսաստանի խոշոր հայ գործարարները նշում են, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի: Նման հայտարարություն չէր կարող լիներ, եթե ՌԴ իշխանության լուռ համաձայնությունը չլիներ»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031