Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը չի ներկայացնում գերության մեջ գտնվողների իրական թվերը. փաստաբանի բացատրությունը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 08,2020 09:39

Արցախի նախագահը նշել է, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս:

Այս առնչությամբ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ եթե հայկական կողմն ունի տվյալներ, դրանք պետք է ներկայացնի գերիների հետ կապված բացված դատավարությանը:

Հարցին՝ իր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ Ադրբեջանը չի ներկայացնում իրական թվերը, հնարավո՞ր է, որ նրանցից ոմանց խոշտանգած, անգամ սպանած լինեն, փաստաբանը պատասխանեց. «Հնարավոր է՝ ժամանակ են ձգում, որ մարմնական վնասվածքները անհետանան, որ ապացույցներ չլինեն, որովհետև իրենք գիտեն, որ ռեպատրիացիայի ենթակա անձինք, նաև մահացածները հետո մեզ մոտ դատաբժշկական փորձաքննության են ենթարկվում, և իրենք դրա հետևանքով կարող են խնդիրներ ունենալ: Երկրորդ, իրենք կարող են մանիպուլյացիաներ անել, որպեսզի ռազմագերի ասվածի շրջանակը լայնացնեն ու նախկինում մեզ մոտ հանցագործությունների համար դատապարտված Քելբաջարի դիվերսանտներին հետ ստանան: Հնարավոր է՝ իսկապես որոշ անձինք արդեն մահացած լինեն, և իրենք հետքերն են թաքցնում: Այդ դեպքում նրանք կհամարվեն անհետ կորածներ: Իրավական գործընթացներում անհետ կորած անձն իր կարգավիճակով հավասարեցվում է մահացած անձին, և, եթե փաստերը ցույց տան, որ նա եղել է Ադրբեջանի իրավազորության ներքո, արդեն պատասխանատվությունն ավտոմատ կերպով անցնում է պետության վրա, որը տվյալներ չի տրամադրում: Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ արդեն 35 տարի այդ խնդիրը կա»:

Դիտարկմանը, թե արդյո՞ք Ադրբեջանը միտումնավոր է գործընթացը ձգձգում, նա արձագանքեց. «Ես կարող եմ ասել, որ դեռ մեկ ամիս է անցել ռազմական գործողությունների դադարից հետո, տրամաբանորեն դա դեռ ողջամիտ ժամկետ է, որ դեռ չեն վերադարձրել ռազմագերիներին, բայց, մյուս կողմից, եթե Արցախի նախագահն ասում է, որ ձգձգում են, նշանակում է՝ ինքն ինֆորմացիա ունի: Ես ձգձգման հնարավոր մի քանի պատճառների մասին արդեն նշեցի»:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031